Էրդողանն ու ալ-Սիսին առաջին անգամ համատեղ կմասնակցեն մեկ միջոցառման
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մասնակցելու են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլազիզի հուղարկավորման արարողությանը:
Դա կլինի առաջին միջոցառումը, որին ներկա կգտնվեն Էրդողանն ու ալ-Սիսին: Այն բանից հետո, ինչ Եգիպտոսում պաշտոնանկ արվեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսին, և նրա փոխարեն Եգիպտոսի նախագահ դարձավ նրան տապալած ֆելդմարշալ ալ-Սիսին, Էրդողանը հրաժարվում է մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որոնց մասնակցում է նաև Եգիպտոսի նախագահը:
Էրդողանն անգամ հրաժարվել է միջազգային գագաթաժողովների շրջանակներում ճաշի նստել նրա հետ մեկ սեղանի շուրջ՝ Սիսիին մեղադրելով Եգիպտոսում զինվորական հեղաշրջում իրականացնելու մեջ: Ներկա դրությամբ Էրդողանը շրջագայում է Աֆրիկյան եղջյուրի երկրներում, ուր նրա առաջին հանգրվանը դարձել է Եթովպիան:
Էրդողանը պլանավորել էր այստեղից մեկնել Սոմալի, սակայն այդ այցը չեղյալ է հայտարարվել, և փոխարենը նա կմասնակցի սաուդյան թագավորի հուղարկավորությանը:
Էրդողանն ու ալ-Սիսին վերջին անգամ հանդիպել են 2013 թվականի մայիսին, Անկարայում: Այն ժամանակ ալ-Սիսին Թուրքիա էր ժամանել Եգիպտոսի պաշտպանության նախարարի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ երեկ Սոմալիում հարձակման են ենթարկվել Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք պետք է նախապատրաստեին Էրդողանի այցը Սոմալի: