Փաստաբանը՝ Պերմյակովի գործի մասին. «Հայկական կողմը զրկված է նրա գործը ՀՀ դատարան տեղափոխելու և արդարադատության առաջ նրան կանգնեցնելու հնարավորությունից»
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ կասկածյալ Վալերի Պերմյակովին հայտնաբերելոց հետո ռուս սահմանապահները նրան պետք է հանձնեին Հայաստանի իշխանություններին: Նա 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր գործընկերներից մեկը ճիշտ էր նկատել, որ եթե անգամ Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է սահմանամերձ գյուղում ռուս սահմանապահների կողմից, այնումենայնիվ այդ գյուղից մինչև ռուսական ռազմական բազայի տարածք նա տեղափոխվել է Հայաստանի տարածքով:
«Այսինքն՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էին իրեն տեղափոխել: Ես գտնում եմ, որ հիմք ընդունելով միջպետական համաձայանգրի համապատասխան կետը, իրեն պետք է անմիջապես հանձնեին հայ իրավապահներին»,- ասում է Մ. Շուշանյանը:
«Հայտարարվել է, որ կասկածյալը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանամերձ շրջանում ռուս սահմանապահների կողմից, որից հետո տեղափոխվել է ռուսական ռազմական բազայի տարածք, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ հայտարարեն, թե իրենց երկրի Սահմանադրությունն արգելում է իրենց երկրի քաղաքացիներին հանձնել այլ պետությանը: Այն, որ իրեն իբր հայտնաբերել ու ձերբակալել են ռուս սահմանապահները, հետո ինքը հայտնվել է ռուսական բազայի տարածքում՝ փաստ է, ու հիմա հրաժարվում են հանձնել:
Կարծում եմ՝ այլևս հնարավոր չէ դրա հետ կապված որևէ բան անել: Բայց, իհարկե, կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ ի՞նչ իրավական հիմքով են ռուս զինվորականները մասնակցել կասկածյալի որոնողական աշխատանքներին: Որևէ իրավական հիմք, որը ռուս զինվորականներին իրավունք կվերապահեր զինված շրջել Գյումրի քաղաքում՝ Շիրակի մարզի տարածքում, որևէ հանցանքի կատարման մեջ կասկածվող անձին հայտնաբերելու նպատակով, ինձ հայտնի չէ:
Բայց իմ հարգարժան գործընկերը՝ Վահե Գրիգորյանը, նշել է, որ դա կատարվել է հայ իրավապահների, մասնավորապես՝ ոստիկանության թողտվությամբ: Ես համաձայն եմ: Ու եթե մենք հիշենք Հայաստանի ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, որ նրան հայտնաբերելուց դեռևս երկու ժամ առաջ ոստիկանությանը հայտնի է եղել նրա գտնվելու վայրը, բազմաթիվ հարցեր են առաջանում:
Այսինքն՝ ոստիկանությունը, տեղյակ լինելով նրա գտնվելու վայրի մասին, չի շտապել նրան րոպե առաջ ձերբակալել և թույլ է տվել, որ ռուսները նրան հայտնաբերեն, ձերբակալեն, որպեսզի չհանձնեն Հայաստանի իրավազորությանը, հայ իրավապահներին: Այս պայմաններում արդեն շատ հիմնավոր են դառնում հնչեցվող այն տեսակետները, թե, այսպես ասած՝ քաղաքական որոշման արդյունքում է հնարավոր դարձել, որ նա հայտնվի ռուսական ռազմաբազայի տարածքում և նրա գործի քննությունը կատարեն ռուս իրավապահները»,- մեզ հետ զրույցում ասաց Մուշեղ Շուշանյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել էր, որ քրեական գործի շրջանակներում քննարկվում են նաև հարցերը՝ արդյոք Վալերի Պերմյակովի՝ ՌԴ իրավապահ մարմինների իրավազորության տակ հայտնվելու փաստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի և միջազգային պայմանագրերով սահմանված կարգերի պահպանմա՞մբ, թե՞ ոչ, արդյոք կողմերից որևէ մեկը խախտե՞լ է կամ ոչ պատշաճ է իրականացրել իր պարտավորություննե՞րը, թե՞ ոչ, արդյոք դա հանգեցրե՞լ է անձի օրինական կամ ապօրինի տվյալ իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվելուն:
Մուշեղ Շուշանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վալերի Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել:
Ի պատասխան Մուշեղ Շուշանյանն ասաց. «Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել Հայաստանի իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, և, ես վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան Հայաստանի իրավազորությանը հանձնելը բացառվում է:
Այսինքն՝ ես չեմ կարծում, որ նրան որևէ դեպքում կարող են հանձնել Հայաստանի իրավազորությանը: Դա խախտումներո՞վ է տեղի ունեցել, թե՞ ոչ, այդ հարցն առհասարակ չի քննարկվի: Եթե հիմա նույնիսկ իրավական հիմնավորում տրվի, որ նա պետք է հանձնվեր, բայց չի հանձնվել, մենք փաստ ունենք, որ նա հիմա Ռուսաստանի իրավազորության ներքո է, ու չեմ կարծում, որ նրան կհանձնեն»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ կլինի ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված և ներկայումս քննվող քրեական գործի հետ, արդյոք նյութերը կհանձնվե՞ն ՌԴ իրավապահ մարմիններին, Մուշեղ Շուշանյանը պատասխանեց, որ մամուլից տեղեկացել է, որ ՀՀ դատախազությունը համապատասխան իրավական օգնության միջնորդությամբ դիմել է ՌԴ դատախազությանը, և նաև եղել են հայտարարություններ, որ գործը քննվելու է համատեղ:
«Քանի որ մեր քննչական մարմինները նույնպես քննչական գործողություններ են կատարում՝ դեպքի վայրի զննություն են կատարում, դեպքի վայրում հայտնաբերված ապացույցները փորձաքննության են ուղարկում, կարծում եմ՝ այդ բոլոր նյութերը հետագայում հանձնվելու են ռուս իրավապահներին»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ իր գործընկերներից մեկը նշել էր, որ ռուս իրավապահների կողմից սպանության փաստով քերական գործը հարուցվել է մինչև կասկածյալին հայտնաբերելը:
Փաստաբանի խոսքով՝ ինքը չի ստուգել այդ փաստը, բայց դա կարող է անուղղակի կերպով վկայել այն մասին, որ արդեն իսկ հստակ պայմանավորվածություն է եղել, որ նրան պետք է հայտնաբերեն, ձերբակալեն ռուս սահմանապահները, և նա պետք է հայտնվի նրանց իրավազորության տակ:
Փաստաբանի խոսքով՝ հստակ է, որ ինքնակամ ծառայության վայրը զենքով լքելու փաստով հարուցված քրեական գործը ենթակա է ռուս իրավապահների քննությանը, սպանությունը՝ հայ իրավապահների քննությանը: «Բայց, ինչպես ոստիկանապետն է հայտարարում, իրենք չեն շտապել նրան ձերբակալել՝ տեղյակ լինելով գտնվելու վայրի մասին, ու նա հայտնվել է Ռուսաստանի իրավապահների ձեռքում»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
«Խնդիրն այն է, որ թեպետ հայ իրավապահները մեղադրանք են առաջադրել նրան ու հայտարարվեց, որ նա էլ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց քանի որ մեղադրվող անձը չի գտնվում հայ իրավապահների տրամադրության ներքո, հայկական կողմը զրկված է նրա գործը ՀՀ դատարան տեղափոխելու և արդարադատության առաջ նրան կանգնեցնելու հնարավորությունից: Այնպես որ՝ հայ իրավապահների դերն ընդամենը սահամանափակվելու է նրանով, որ նրանք այդ քննչական գործողությունների արդյունքները տրամադրեն ռուս իրավապահներին, և հետագայում դա ռուսական դատարանի կողմից որպես ապացույց գնահատվի»,- եզրափակեց փաստաբանը: