«Չի բացառվում, որ Պերմյակովը տեղափոխվի ՌԴ և դատապարտվի ՌԴ տարածքում». ռուսաստանցի հեղինակավոր փաստաբանը պարզաբանում է Պեսկովին

168.am-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ հեղինակավոր փաստաբան, Բեռլինի փաստաբանական պալատի անդամ, Եվրոպական փաստաբանների ասոցիացիայի անդամ, «Զակոնիա» կայքէջի գլխավոր խմբագիր Ռուբեն Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան. Գյումրիում տեղի ունեցած ողբերգության գործի քննության և արդարադատության անցկացման վայրի հետ կապված անորոշությունը շարունակվում է: Ե՛վ տեղական, և՛ ռուսաստանյան համապատասխան մարմինները վստահեցնում են, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, սակայն կան որոշակի անհասկանալի ձևակերպումներ. երեկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նշել է, որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ուստի կգործեն ՌԴ օրենքները, և  կլինի ռուսաստանյան դատավարություն: Ի՞նչ ասել է՝ ռուսաստանյան դատավարություն` հանցագործության մեղադրյալը կտեղափոխվի Ռուսաստա՞ն դատավարության համար, թե՞  քննչական ու դատավարական բոլոր գործողությունները կանցնեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

– Ստացվում է այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը  նախատեսում է` ՀՀ տարածքում իրականացված ռուսական ռազմաբազայի ծառայակցի հանցագործությունը քննում են ՀՀ կոմպետենտ մարմինները, համապատասխանաբար՝ հայաստանյան իրավապաշտպանները և օրենք կիրառողներն  այս նորմին են հղում կատարում և ճիշտ են անում: Մյուս կողմից՝ նույն պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ  4-րդ հոդվածը չի կիրառվում  ռազմական հանցագործությունների դեպքում, իսկ փախուստի դիմելը հենց այդպիսի հանցագործությունների շարքին է դասվում, իսկ այս դեպքում կիրառվում է ՌԴ օրենսդրությունը, քանի որ  դա վերաբերում է հենց ՌԴ-ին և ոչ Հայաստանին: Ուստի, այս համաձայնագիրը երկակի մեկնաբանում կարող է ունենալ: Ստացվում է, եթե Պերմյակովը գտնվում է  ռուսական  իրավասության ներքո, ապա նա չի կարող փոխանցվել մեկ այլ երկրի իրավապահ մարմիններին, եթե դիտարկենք ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածը: Նման երկակի մեկնաբանությունները լուծվում են օրենք կիրառողների մակարդակում, և դեռ  կտեսնենք, թե ինչ որոշում կընդունեն մեր իրավապահ մարմինները: Ես կարծում  եմ, որ բոլոր գործընթացները տեղի կունենան ՀՀ տարածքում՝ ՌԴ իրավապահ մարմինների ներգրավվածությամբ: Ամեն դեպքում, եթե նա մեղավոր է, իր հասանելիք պատիժը կկրի՝ որտեղ էլ որ դատապարտվի:

– ՀՀ տարածքում ասելով` նկատի ունեք ռազմաբազա՞ն, թե՞ տեղական դատական մարմինները:

– Ռազմաբազան ունի ռազմական դատարան: Նա գործել է երկու հանցագործություն. մեկը՝ ՀՀ քաղաքացիների, մյուսը` ՌԴ-ի նկատմամբ:  ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործության քննչական գործողությունները պետք է իրականացնեն ՀՀ իրավապահ մարմինները, մյուս կողմից՝ նա ՌԴ-ի նկատմամբ հանցագործություն է իրականացրել, այս դեպքում, համապատասխանաբար, ՌԴ իրավապահ մարմինները: Երկկողմանի աշխատանք է իրականացվելու: Իմ կարծիքով` որոշում է կայացվել հետաքննել գործը ՀՀ տարածքում, դատարանի հարցը դեռ չի որոշվել: Ամենայն հավանականությամբ, հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները կորոշեն` որ երկրի դատական մարմիններին փոխանցել մեղադրյալին:  Այսինքն`  այդ մասին որոշումը կկայացվի ապագայում, եթե, իհարկե, ես ճիշտ եմ հասկանում մինչ այսօր մամուլում հայտնված հաղորդագրությունները:

– Պատժի կրման վայրը ևս, փաստորեն, անորոշ է:

– Դա հստակեցնում է դատարանը: Ես կարծում եմ, որ Հայաստանում մտավախությունն այն չէ, թե ո՞վ է դատում, այլ այն, որ կլինի՞ արդար դատավարություն, թե՞ ոչ:

– Հայաստանում լուրջ մտավախություններ կան, որ ՌԴ իրավապահ մարմինները չեն բացահայտի հանրության համար ողջ եղելությունը, արդարադատություն չի լինի:

– Ես չեմ կարծում, որ այդ մտավախություններն արդարացված են, քանի որ ես ռուսական դատական համակարգին տիրապետում եմ ոչ վատ և կասեմ, որ արդարացման դատավճիռները ՌԴ-ում 1 % են կազմում: Այս դեպքում, եթե ընդունում է մեղքը, պատիժը ցմահ է:

– Այս հանցագործությունը ՌԴ-ում ներման ենթակա՞  հանցագործություն է, եթե հաստատվի, որ նա է կատարել:

– Ոչ:

Տեսանյութեր

Լրահոս