Բաժիններ՝

«…Ամենադաժան բանտերը պատ չունեցող բանտերն են». Տ. Նշան քահանա Ալավերդյան

Qahana.am կայքի այս շաբաթ օրվա հյուրն է արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը:

– Ինչպե՞ս դարձաք քրեակատարողական հիմնարկի սպասավոր: Սկզբում ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք, հետո ի՞նչը փոխվեց ձեր փոխհարաբերությունների մեջ:

– Առաջարկությունը եղավ Հայր Ռուբենի կողմից, այնուհետև ստացա Վեհափառի համաձայնությունն ու օրհնությունը: Առաջին դժվարությունը հոգեբանական խնդիրն էր, քանզի երբևէ շփում չէր եղել փշալարի մյուս կողմում գտնվող մարդկային տեսակի հետ, բայց շատ բան փոխվեց այդ շփումից հետո. հասկացա, որ մարդիկ նույնն են, պարզապես ոմանք գտնվում են բանտից դուրս, իսկ ոմանք՝ բանտից ներս, և որ տվյալ պարագայում գործ ունենք ոչ թե հանցագործի, այլ սխալված, մեղավոր մարդու հետ: Սա ինձ օգնեց մտերմության շերտ ստեղծել մեր հարաբերությունների մեջ և իրագործել Քրիստոսի խոսքը. «Բանտում էի, և Ինձ այցի եկաք» (Մատթ. 25.36):

 

– Վերջին տարիներին կալանավայրերում մատուռներ են կառուցվում: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը:

– Մեծ մասամբ նախաձեռնություններն իրենց կողմից են եղել: Հոգևոր քարոզչությունները նպաստեցին, որ բազմաթիվ բարենորոգչական աշխատանքներին զուգընթաց ունենան նաև մատուռներ: Նույնիսկ առաջարկություն եղավ Սևանի բանտում, որտեղ մատուռ կար, մեծ եկեղեցի կառուցեն իրենց ուժերով: Բայց մենք նպատակահարմար չգտանք: Կարևորը այն էր, որ արդեն ունեին հոգևոր մատուռ, որտեղ տարվում էր նրանց ներքին հոգևոր տաճարի, հոգևոր հեղափոխության բևեռացում:

 

– Իսկ կան արդյոք դժվար մարդիկ: Ի՞նչ անհատական աշխատանք եք տանում նրանց հետ: Ինչպիսի՞ն է արդյունքը:

– Բնականաբար, կան: Շատ կարևոր է, որ հոգևորականը, որպես Քրիստոսի խոսքի փոխանցող, մխիթարող լինի, հույս, հավատ ներշնչի նրանց: Հաճախ այցելում ենք նրանց ընտանիքներ որոշ խնդիրներ լուծելու, օգնելու դպրոցահասակ երեխաներին նյութապես՝ կրթության, ճանապարհածախսի հարցում և այլն: Մեզ էին միանում նաև շատ հավատացյալ երիտասարդներ:

 

– Ինչպե՞ս են նշվում հոգևոր տոները կալանավայրերում:

– Հիմնականում նշվում են տաղավար տոները: Հաճախ քահանան օրհնված ջուրը բաժանում է նույնիսկ խցերում եղած կալանավորներին: Մեր միակ խնդիրը հոգևորականի քանակն է: Այդ իսկ պատճառով ոչ բոլոր բանտեր ենք հասցնում այցելություններ անել:

 

Արևիկ Համբարյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս