Բաժիններ՝

Ֆրանսիայի Հայկական Վերածնունդ շարժում պահանջում է մեծացնել օտարերկրյա ռազմակայանների նկատմամբ վերահսկողությունը

«Ֆրանսիայի Հայկական Վերածնունդ շարժումն իր խորին ցավակցանքն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ազգականներին և մտերիմներին, կիսում նրանց վիշտը և պատրաստակամությունն է հայտնում թիկունք կանգնելու բոլոր ազգակիցներին, որոնք այսօր պայքարում են սեփական անվտանգության և արժանապատվության համար:

Մեր աջակցությունն ենք առաջարկում մասնավորապես սեփական քաղաքում անվտանգ ապրելու պայքարի դուրս եկած գյումրեցիներին և նրանց աջակցող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Հայաստանի Հանրապետության տարածքում` Գյումրի քաղաքում, օրերս տեղի ունեցած դաժան և սառնասիրտ սպանությունը  և ռուս զինվորին մինչ օրս հայկական կողմին չհանձնելու փաստը ծնել է համասփյուռ մեր հայրենակիցների արդարացի ցասումը :

Մասնավորապես .

1. Ոստիկանության և համապատասխան  մարմինների ժխտողական կեցվածքը և ոչ արհեստավարժ գործունեությունը

2. Հանրապետության ղեկավար մարմինների և Հոգևոր Առաջնորդի կողմից Ավետիսյանների ազգականներին ցավակցություն ուղղելու բացակայությունը

3. Վեց հոգանոց ընտանիքի՝ այդ թվում մանկան մահվան առթիվ սգի կոչերին անարձագանք մնալը

Որպես այս ամենի տրամաբանական զարգացում բախումներ սկսեցին հանրապետության ղեկավար մարմինների հետ վերջին երկու օրերի ընթացքում՝ սկիզբ առնելով Գյումրիում և հետագայում տարածվելով նաև Երևանում:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս ամենը սկսվեց խաղաղ մոմավառությամբ, որի ընթացքում պահպանվում էր իր մեղքը ճանաչած ռուս զինվորին հայկական կողմին հանձնելու հույսը:

Ըստ մեր կարծիքի ՀՀ տարածքում լարվածության և բողոքի ակցիաների սրման պատճառներն են.

ՀՀ Ոստիկանություն

1. Կասկածյալի՝ ինքնաձիգով Գյումրի ներթափանցում, հրազենի անհիմն կիրառում, մարդասպանության կատարում /վերջին տարիներում արդեն որերոդ անգամ կրկնվող / և մինչև հայ-թուրքական սահմանը հասնելու կանխման անկարողությունը :

2. Ռուսական կողմից կասկածյալի կալանավորման և հետդարձի ճանապարհին կասկածյալին չկալանավորելու ոստիկանության անկարողությունը:

3. Այս օրերի ընթացքում բազմաթիվ ցուցարարների կալանավորումները և ուժային մեթոդներով`ընդհուպ մինչև պայթուցիկների կիրառում, քաղաքացիների բողոքը ճնշելը:

ՀՀ դատաիրավական մարմիններ

Սեփական երկրում հայ քաղաքացու սպանության մեջ կասկածվող հանցագործի վերաբերյալ հայտարարություններով սահմանափակվելը և իր իրավասության ներքո կասկածյալի ֆիզիկական վերահսկողության ապահովման անկարողությունը:

ՀՀ իշխունության /նախագահ, վարչապետ, Ազգային Ժողովի նախագահ/

Քար լռությունը և այս ֆոնի վրա ռուսական կողմից նվազագույն մարդկային զղջողական արձագանքի բացակայությունը, կենդանի մնացած վիրավոր վեցամսյա երեխայի առողջական վիճակի նկատմամբ անտարբերությունը  և  կասկածյալի նկատմամբ հովանավորչական կեցվածքը :

Վերը թվարկվածը մեր և մեր բազմաթիվ աշխարհասփյուռ հայրենակիցների մոտ առաջ են բերել ՀՀ տարածքում՝ ՀՀ օրենսդրությանը համաձայն, դատավարության և վճռի իրագործման վերաբերյալ կասկածներ:

Հայկական Վերածնունդ համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղը պահանջում է.

1.   Մեղադրյալին հանձնել հայկական կողմին

2.   Հանրությանը ներկայացնել.

ա) դատաքննչական մարմինների կողմից կատարված փորձաքննական տեղեկությունները, քանզի վստահ չենք, որ  ոճրագործությունն իրականացվել է մեկ անձի կողմից:

բ)  արձակված մահաբեր գնդակների տրամաչափը եւ համեմատությունը հայտնաբերված պարկուճների տրամաչափի հետ:

գ) դատափորձաքննական մարմինների կողմից հետազոտված, կրակված գնդակների և հայտնաբերված ինքնաձիքի փողից արձակված գնդակի համեմատությունը:

3. Զերծ մնալ ցանկացած ուժային մեթոդի հետագա կիրառումից

Հայկական Վերածնունդ համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղը կոչ է անում.

ա) ՀՀ Ոստիկանությանը՝ հետագա բարդացումներից խուսափելու նպատակով  վերանայել և բարելավել իրենց աշխատաոճը, որը կբացառեր արյունալի հանցագործության կատարումը:

բ) մեծացնել օտարերկրյա ռազմակայանների նկատմամբ վերահսկողությունը, իսկ նման գործառույթի բացակայության դեպքում` լծվել վերահսկողության համակարգի մշակմանը ու իրագործմանը:

գ) ՀՀ դատաիրավական և կատարող պատգամ մարմիններին. Երաշխավորել ՀՀ տարածքում ՀՀ օրենքի կիրառումը»:

Ֆրանսիայի Հայկական Վերածնունդ

17.01.2015 Փարիզ, Ֆրասիա

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս