Պարզվել է Պերմյակովի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. «Փաստինֆո»
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության և մեկ անդամի սպանության փորձի գործով կատարվում են քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքների բազմակողմանի բացահայտման ուղղությամբ:
Մասնավորապես, այս պահին շարունակվում է դեպքի վայրի տեղազննությունը: Քննիչների հետ միասին դեպքի վայրում են նաև փորձագետները: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննության շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մասնավորապես, փորձանմուշներ են վերցվել ինչպես զոհերի, այնպես սպանությունների ու սպանության փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված անձի հագուստներից և ներկայացվել փորձաքննության: Նշանակվել են զոհերի դիակների, ինչպես նաև վիրավոր երեխայի դատաբժշկական փորձաքննություն: Նշանակվել է նաև դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում զորամասից մինչև Ավետիսյանների տուն և այնտեղից մինչև սահմանամերձ Բայանդուր գյուղ ռուս զինծառայողի շարժը պարզելու ուղղությամբ:
Արդեն իսկ քննչական խմբին հաջողվել է պարզել, թե ինչ եղանակով է մուտք գործել ռուս զինծառայողը: