ՊՆ նախկին փոխնախարար. «Ծրագիրը դրված է, որ Հայաստանին ներքաշեն ավելի լուրջ, ավելի արյունալի կոնֆլիկտի մեջ՝ կապված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ»

ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է՝ տարվա սկզբից 5 զոհ ունենալը Հայաստանի համար շատ ցավալի է: 168.am-ի հետ զրույցում խոսելով հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի մասին՝ ՊՆ նախկին փոխնախարարը նշեց, որ քաղաքական առումով նոր բան չկա. «Ադրբեջանը տարիներ շարունակ նույն քաղաքականությունն է վարում՝ աշխատելով հակամարտությունը միշտ լարված վիճակում պահել, իսկ ներկայումս դա առավել քան իրենց համար կարևոր է, այսինքն՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար, քանի որ ամբողջ աշարհը պատրաստվում է նշել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը»:

Ըստ Վ. Շիրխանյանի՝ հիմնական պատճառներից մեկը Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան, շատ կուզենային Հայաստանին ներքաշել ավելի լայնածավալ հակամարտության մեջ, որպեսզի կարողանան խուսափել Ցեղասպանության պատասխանատվությունից:

Հարցին՝ այն, որ արդեն Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է, նշանակություն չունի՞ այս իրավիճակի համար, Վ. Շիրխանյանն այսպես պատասխանեց.

«Իրավիճակի սրացումը ԵՏՄ-ով պայմանավորված է այնքանով, որքանով այդ լարվածության վրա կարող են ազդել արևմտյան ուժերը: Կարող է նշանակություն ունենալ, բայց դա կարևորը չէ, կարևորը ես ասացի՝ որն է»:

Կարդացեք նաև

Այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ հուլիս-օգոստոսյան լարված իրավիճակից և ուղղաթիռի խոցման դեպքից հետո՝ «հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը»:

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաձա՞յն է ՊՆ նախարարի այս դիտարկման հետ, բազմապատի՞կ կամ համարժե՞ք էր արդյոք հայկական կողմի պատասխանը: Նա պատասխանեց, թե հասարակ թվաբանություն գոյություն ունի՝ ամեն մի զոհված հայի համար պետք է պատասխան տան նվազագույնը 5  ադրբեջանական զինվոր, որպեսզի ռեսուրսների հավասարակշռությունը պահպանվի. «Իհարկե, Հայաստանի կողմից տրված հակահարվածները միշտ էլ եղել են արժանի: Ես կարծում եմ, որ ծրագիրը դրված է այսպիսին՝ ներքաշել Հայաստանին ավելի լուրջ, ավելի արյունալի կոնֆլիկտի մեջ՝ կապված Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս