Չերչիլի ընտանիքը նրան համոզել է չընդունել իսլամ. The Independent
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընտանիքը նրան խնդրել է չընդունել իսլամ: Այս մասին է վկայել ոչ վաղ անցյալում հայտնաբերված նամակագրությունը:
Ընդգծվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիային հաղթանակի բերած քաղաքական գործիչն այնքան է հիացած եղել իսլամով ու արևելյան մշակույթով, որ նրա հարազատները ստիպված են եղել համոզել Չերչիլին՝ չդառնալու համար մուսուլման:
Այդ մասին մասնավորապես նշված է Չերչիլի եղբոր կնոջ՝ լեդի Գվենդոլին Բերտիի նամակում: Նամակը թվագրված է 1907 թվականի օգոստոսին: Փաստաթուղթը Քեմբրիջի համալսարանում հայտնաբերել է պատմաբան Ուորեն Դոկտերը: Նամակում Բերտին իսլամ չընդունելու և փաշա չդառնալու խնդրանքով դիմել է Չերչիլին:
Թերթը հիշեցնում է, որ Չերչիլը ծառայել է Սուդանում ու նամակներից մեկում խոստովանել է, որ կցանկանար դառնալ փաշա: Դոկտերը հաստատել է, որ Չերչիլն իսկապես հիացել է իսլամի մշակույթով, ինչը բնորոշ է եղել Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի ներկայացուցիչներին, սակայն դրա հետ մեկտեղ նա չի հավատում, որ Չերչիլը լրջորեն ցանկացել է իսլամ ընդունել, քանի որ տվյալ ժամանակ Չերչիլն արդեն իսկ քիչ թե շատ աթեիստ էր: