Առողջապահության նախարարությունում ասում-խոսում են, և անցնո՞ւմ է
«Շատ աշխատանքային և կառուցողական տարի էր՝ հագեցած տարբեր հնարավոր փորձություններով: Մյուս տարվա հետ կապված ավելի մեծ պլաններ ունենք, որոնք չկարողացանք իրականացնել այս տարի, և համոզված եմ, որ հունվարի 1-ից մեկնարկող բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն, և նրանց հետ կապված արդյունավետությունը մյուս տարի այս ժամանակ կկարողանանք ավելի հստակ ասել, որովհետև տարվա ընթացքում հիմնականում պատրաստում էինք նոր ծրագրեր, նաև կարողանում էինք օպերատիվ արձագանքել վիճակին:
Ավելի շատ հակված ենք համակարգային փոփոխությունների և ոչ թե առանձին դրվագներում՝ առանձին շինարարությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ որպես 2014 թվականի ամփոփում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է արել նախարարությունը մանկապարտեզների սննդային թունավորման դեպքերի հետ կապված, մասնավորապես՝ Եղվարդի մանկապարտեզի դեպքի հետ կապված որևէ պարզաբանում չտրվեց, նախարարությունում ասում-խոսում են, և անցնո՞ւմ է.
«Կարծում եմ՝ այս երևույթի, այս դեպքի հետ կապված՝ մենք տվել ենք մանրամասն պարզաբանումներ, Կառավարության շենքում մամուլի ասուլիս է եղել այս թեմայի մասին, իսկ պատիժներն Առողջապահության նախարարությունը չի իրականացնում: Պատկան մարմինները զբաղվում են, հարուցված է քրեական գործ, համոզված եմ, որ կլինեն պատասխանատուներ նման իրավիճակի համար:
Առողջապահության նախարարությունը նույն օրը՝ իր կազմակերպած բոլոր միջոցառումներով, կարողացավ ապահովել Եղվարդի մանկապարտեզի երեխաների առողջացման բոլոր միջոցառումները՝ անկախ նրանից, թե նրանք դիմե՞լ էին հիվանդանոց, թե՞ ոչ:
Շրջիկ խմբերով կարողացանք կազմակերպել տներից հիվանդանոց հոսք և լոկալիզացնել օջախը, մեկ-երկու օրվա մեջ ապաքինման բոլոր անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ապահովելով դեղերով, բժիշկներով, անհրաժեշտ մասնագիտական մոտեցումներով:
Ինչ վերաբերում է չափորոշիչներին և սննդամթերքին, ապա այդ չափորոշիչները որոշում է Առողջապահության նախարարությունը, թե ինչպիսի սննդամթերք կարող են տալ այդ տարիքի երեխաներին: Կարող եմ հստակ ասել, որ երեխաների մոտ կար դիզենտերիա հիվանդությունը, բայց որևէ երեխայի մոտ որևիցե հետևանք չի մնացել, բոլորի մոտ եղել է առողջացում: Իսկ մնացածը պատկան մարմինները կպարզեն: Մենք էլ ենք հետաքրքրված գործի ընթացքով»: