ՀՀ-ի բնակիչը փորձել է ապօրինի հատել Թուրքիայի հետ սահմանը
Հայաստանի բնակիչը հարազատների հետ վեճից հետո փորձել է ապօրինի հատել Թուրքիայի հետ սահմանը:
Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Ախուրյան բնակավայրի շրջանում հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատելու փորձ կատարած օրինախախտին:
Երեկոյան սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից սահմանապահ պահակակետին ահազանգի ազդանշան էր ստացվել:
Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել է սահմանախախտի հետքերը: Անհայտ անձը փորձել է մոլորության մեջ գցել սահմանապահներին՝ ճանապարհը հաղթահարելով մեջքով դեպի առաջ:
Սակայն Լենինականի (Գյումրիի) սահմանապահ ջոկատի զինծառայողների վարպետության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա նա ձերբակալվել է:
Սահմանախախտի անձնական ստուգման ժամանակ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել:
Սահմանի խախտման պատճառների բացահայտման ժամանակ տղամարդ նշել է, որ հյուր է գնացել հարազատներին եւ կենցաղային վեճից հետո որոշել է ցուցադրաբար հեռանալ Թուրքիայի Հանրապետություն:
Հարցաքննության ժամանակ տղամարդն իրեն հանդուգն է պահել, գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, այդուհանդերձ ալկոհոլային հարբածության արտաքին նշանները բացակայել են:
Որոշ ժամանակ անց հարազատները ներկայացրել են ձերբակալվածի փաստաթղթերը եւ հաստատել նրա ինքնությունը: