ՎՊ ստուգումները՝ առողջապահության նախարարությունում
ԼՂՀ Վերահսկիչ պալատն ավել ֆինանսավորված գումարներ է հայտնաբերել Առողջապահության նախարարությանը 2013 թվականին հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում:
Այն կազմում է 4030.9 հազար դրամ: Այս մասին նշվել է ՎՊ խորհրդի երեկվա նիստում:
Այսպես՝ «Արեւիկ» մանկական բուժմիավորումը ավելի քան 602 հազար դրամի հայտ է ներկայացրել եւ բյուջեից գումար ստացել որոշ հիվանդների սննդի դիմաց, այն դեպքում, երբ տվյալ հիվանդություների համար սնունդ չի հատկացվում: «Արեւիկ» մանկական բուժմիավորումը ավել ֆինանսավորվել է նաեւ «Արտահիվանդանոցային ծառայություններ» ծրագրով՝ 777 հազար դրամ: Նույն ծրագրով 100.8 հազ. դրամ ավել է ֆինանսավորվել Մարտակերտի Ռ. Բազյանի անվան շրջանային բուժմիավորումը: Այս գումարները, ըստ ՎՊ-ի ենթակա են վերականգնման:
Մարտակերտի հիվանդանոցն ավել է ֆինանսավորվել նաեւ «Բուժմանկաբարձական կետերի սպասարկում» ծրագրով: 1157.5 դրամ է կազմել այն գումարը, որը պետությունը վճարել է թափուր մնացած հաստիքների, բուժաշխատողների անաշխատունակության կամ նրանց՝ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում՝ աշխատավարձի եւ սոցապահովագրության վճարների մասով:
706.7 հազար եւ 330.6 հազար դրամ էլ հիվանդանոցը ստացել է չկայացած գործուղումների եւ չգնված գույքի համար:
Այդ ծրագրային ենթաուղղությամբ վերականգնման ենթակա է 1100.8 հազար դրամ: Նույնանման խախումներ հայտնաբերվել են Ասկերանում. շրջանային բուժմիավորումը 755.9 հազար դրամ ավել է ստացել Գյուղական ամբուլատորիաների սպասարկման համար: Դա էլ պետք է վերադարձվի պետական բյուջե:
186.0 հազար դրամ պետք է վերադարձնի Հակապալարախտային դիսպանսերը: 21.2 հազար դրամ ավել գումար ստացել են «Ինֆեկցիոն հիվանդանոցում», 487.2 հազար դրամ ՝ չգրանցված 282 ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունների դիմաց ՝ Հակապալարախտային դիսպանսերում: