Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014թ.-ի ընթացքում խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին:
Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի կողմից պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:
Իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձևավորված համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված:
Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:
«Բոլորիս համար է հպարտություն ունենալ անկախ Հայաստան, հայկական հզոր բանակ, ինչը եղել է մեր պապերի երազանքը, ու այսօր այն իրողություն է, որը պարտավոր ենք պահպանել բոլորս միասին: Որպես հայ մարդ, նաև որպես Երևանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին:
Արդեն երկու տարի է, ինչ երևանաբնակ հազարավոր ծնողներ հնարավորություն ունեն տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպվող այցելությունների շրջանակում տեսակցել իրենց զավակներին և անձամբ ծանոթանալ այն պայմաններին, որոնցում ծառայում են իրենց զավակները:
Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպված առաջին իսկ այցելությունից հետո մեծ ոգևորություն առաջարցրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ այդպիսով նաև նպաստելով, որ ծրագիրը լինի շարունակական:
Ըստ էության, սա նաև յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի ևս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երևանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու և նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու մասին է, ինչն, անկասկած, ողջունելի է:
Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, ինչի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ:
Ու ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի: Խոնարհվում եմ մեր զինվորների ծնողների առաջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի քաջ որդիներ եք դաստիարակել, ովքեր այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի զինվորներ, որ դուք կաք ու հենց ձեր շնորհիվ մեր սահմաններն անառիկ են: Բարի ծառայություն մաղթելով ձեզ՝ նաև վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել ձեր և ձեր ընտանիքների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:
Այնուհետ ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Իսկ «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
«Անչափ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որի ակունքներում կանգնած է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կատարելագործման ուղղությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետը՝ իր աշխատակազմի հետ:
Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով ապրում, արարում և պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»,- ընդգծել է ՊԲ հրամանատարը:
Հարկ է նկատել, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն