ԱԺ-ում քննարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ արված դիտողություններն ու առաջարկները հաշվի են առնվել:
Ըստ նրա՝ Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին օրենքում առկա համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ:
Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը:
Այս դրույթները չեն տարածվում Հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային և(կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ: