Լևոն Զուրաբյան. «Գործում է «Կուկուի սինդրոմը», որ Պապլավոկում մարդ էր սպանել ծեծելով»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու համար օդանավակայանից անմիջապես եկել է ԱԺ: Նա նկատեց, թե ՀՅԴ-ՀՀԿ համատեղ հայտարարության համաձայն՝ դահլիճում գտնվող մեծամասնությունը ոչ միայն կապ չունի այս քստմնելի բռնարարքների հետ, այլ նաև հոգու խորքում դատապարտում է կատարվածը: Սակայն դա ապացուցելու համար, ըստ նրա, կարևոր է, թե ով է կանգած բռնարարքների հետևում: Նրա խոսքով՝ եթե մեկը գտնում է, որ դրանց հետևում կանգնած չէ Սերժ Սարգսյանն ու ռեժիմը, որոնք սրբորեն պահում են օրենքը, պարզ է, թե ինչ պետք է լիներ է՝ Վովա Գասպարյանը պետք է հրաժարական տար:
«Խոսեք տեքստից, մի անընդհատ նույն պատմությունը»,- Զուրաբյանին ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մի խանգարեք ինձ,- հակադարձեց Զուրաբյանն ու կրկնեց, որ Վովա Գասպարյանը պետք է հրաժարական տար, իսկ նա ծաղրեց կատարվածը,- Այդ մտքի գիգանտի կարծիքով՝ այս բռնարարքները պետք է կատարվեն տեսախցիկների առջև»:
Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է Լյովա Երանոսյանը պաշտոնանկ արվեր: Նա հիշեցրեց, որ Սուրեն Սարգսյանն ասել է, որ իրեն ծեծել են «սպեցնազի» հագուստով մարդիկ, ինչը նույնպես խոսում է, որ Երանոսյանը կապ ունի դրա հետ, բայց նրա նկատմամբ քր. գործ չի հարուցվել:
Զուրաբյանը նշեց, որ նախ Արամ Մանուկյանի, ապա իրենց Հրազդանի կառույցի ղեկավարի Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կատարվեցին բռնություններ, և իրավապահները ստիպված էին բռնել մեղավորին, ով առնչություն ունի Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ պատգամավորներից մեկի հետ.
«Բայց նորից քննությունը ոչինչ չի անում, չի հարցաքննում ԱԺ պատգամավորին: Ավելին՝ այդ մարդիկ անմիջապես ազատվում են, չեն էլ կալանավորվում: Ի՞նչ է սա նշանակում: Գործում է «Կուկուի սինդրոմը», որ Պապլավոկում մարդ էր սպանել ծեծելով: ՀՀ-ում ժողովրդավարության հաղթանակի դեպքում սա կարվեր: Չի արվել միայն Սերժ Սարգսյանի անձնական հրամանով ու դուք այստեղ զբաղված եք միայն մեկ գործով՝ Սերժ Սարգսյանի դեմքը, ռեժիմի դեմքը փրկելով»:
«Չե՞ք զգում, որ մեղադրանքներ եք անում: Դու խոսի, խոսի հայտարարության տեքստով»,- կրկին միջամտեց Գ.Սահակյանը:
Անցնելով հայտարարության տեքստին՝ Լ.Զուրաբյանը նկատեց, որ ամեն ինչ արվում է, որ որևէ հարց չլուծվի և Աժ պատգամավորները անձեռնմխելիություն չունեն, իսկ անձեռնմխելիություն ունի կրիմինալը, որը հարձակումներ է գործում ընդդիմախոսների նկատմամբ: Ըստ նրա՝ բռնապետները մի վատ «խասիաթ» ունեն՝ ուշ են դասեր քաղում, ուշ են հասկանում, որ ոչ մի հարց չի լուծվում բռնարարաքներով: Նա հայտարարեց, որ իր կոլեգաների հետ չի մասնակցի ռեժիմի դեմքը փրկելուն ուղղված ֆարսին:
«Հաա, խոսափող էր հա՞ քեզ պետք»,- եզրահանգեց Գալուստ Սահակյանը: