«Վեր ընգի տեղդ, արա». Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր Ազային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Մաքսային կարգավորումների մասին» օրինագծերի փաթեթը: Ընդունվեցին նաև երեկ քննարկված մյուս նախագծերը: Երեկ նիստը բոյկոտած խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, այսօր շարունակում են իրենց բոյկոտը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին երեկ ԱԺ նախագահի ընթերցած հայտարարության տեքստը կարելի է համարել խմբակցության հայտարարություն: Սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ հայտարարությունն արժեք կունենար ԱԺ-ի անունից հրապարակված լինելու դեպքում, այլ ոչ թե խմբակցության:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ լինելով ԵՏՄ-ին, նիստին մասնակցում է Մաքսային կարգավորումների փաթեթի դեմ քվեարկելու համար: Նա նշեց, որ հարգում է ցանկացած ուժի բոյկոտի իրավունքը, բայց հարկ է համարում մնալ և կարծիք հայտնել այս «բախտորոշ» պայմանագրի վերաբերյալ. «Մեր դիրքորոշումը ԵՏՄ վերաբերյալ պետք է ցուցաբերենք ու խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս դեմ արտահայտվեց ԵՏՄ-ին՝ նշելով, որ Հայաստանը չպետք է անդամակցի մի միության, որը ՌԴ հովանու ներքո է գործում:

«Էս «Ժառանգությունը» բոյկոտը դադարեցրել ա՞»,- զարմանքն արտահայտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձ է անելու մեր անկախությունը վաճառքի դնել: Ես եկել եմ դրան դեմ արտահայտվելու,- հակադարձեց Զ.Փոստանջյանն ու հավելեց,- Մենք որևէ անելիք չունենք այդտեղ: ՀՀ-ին բռնակցելու փորձ անելն ուղղակի անթույլատրելի է: Խոսքեր դժվար է գտնել՝ ձեզ չվիրավորելու համար, սակայն դուք Հայաստանը տանում եք կործանման»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կոչ արեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչև Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները կվավերացնեն ՀՀ անդամակցության պայմանագիրը:

Քվեարկությունից հետո Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ն կողմ արտահայտվեց մի օրինագծի, որը հայ ժողովրդի շահերին դեմ է: Նրա խոսափողն անջատեցին ու թույլ չտվեցին շարունակել: Փոստանջյանի վարքը Գ.Սահակյանն անվանեց «պրովոկացիա»: Սակայն պատգամավորը շարունակեց խոսել առանց խոսափողի: Գործընկերուհուն պաշտպանելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի փորձը հարուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կոշտ արձագանքը. «Վեր ընգի տեղդ, արա»,- ասաց նա:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս