Այն, ինչ տեղի է ունեցել ազատամարտիկների հետ, սարսափելի է. ՍԴՀԿ ատենապետ

Արտաշատում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Ժիրայր Մուրադ» մասնաճյուղի նոր գրասենյակը: Բացման հանդիսավոր միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ով նշեց, որ Հայաստանում վերջին օրերին ընթացող ազատամարտիկների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարներն ուղղակի ոճրագործություն է:

«Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:

Խոսելով ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն ընդգծեց, որ ՍԴՀԿ-ի հավատամքը, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ուստի և գաղափարական ամուր հենք ունեցող ընդդիմություն՝ այլընտրանք չունի:

-Հավատացե՛ք, եթե չկա գաղափարական ընդդիմություն, ապա ցանկացած ընդդիմադիր գործընթաց ծառայում է այս կամ այն անհատի, իսկ ավելի վատ՝ օլիգարխի անձնական շահերին»,-եզրափակեց նա:

 ՍԴՀԿ Մամլո դիւան

Տեսանյութեր

Լրահոս