Սասուն Միքայելյանը պատրաստ է նույնիսկ տեռորի՝ իրեն թաղելու գնով (տեսանյութ)

Այսօր Եռաբլուրում հավաքվել էին 350-400 ազատամարտիկներ, որպեսզի որոշեն, թե ինչպես են պատասխանելու «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամներ Մանել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի, ինչպես նաև մի քանի այլ քաղաքական և հասարակական գործիչների դեմ իրականացված վերջի օրերի հարձակումներին: Բացի շարքային ազատամարտիկներից՝ Եռաբլուր էին եկել նաև ՊՆ և Գլխավոր շտաբի ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Եռաբլուրում էր ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ Վարդան Ավետիսյանը, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը:

Թվում էր ազատամարտիկները Եռաբլուրում էին հավաքվել, որպեսզի ինչ-որ արտառոց որոշում կայացնեն, մի որոշում, որը նրանք չէին կարող կայացնել այլ միջավայրում: Բայց նրանք ընդամենը որոշեցին, որ պետք է հավաքվեն նաև երկուշաբթի օրը, այս անգամ «Ազատամարտիկների դաշինքի» կենտրոնական գրասենյակում, որտեղ պետք է ստեղծեն մշտական գործող մարմին, որը կզբաղվի ազատամարտիկների հետագա գործողությունների համակարգմամբ: Թե ինչով է այդ մարմինը տարբերվելու «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդից՝ անհայտ է:

Ընդգծելու համար ազատամարտիկների հավաքի կարևորությունը՝ հավաքը վարող Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ սա հանրահավաք չէ, այլ համաժողով, որի ժամանակ հնչեցին գրեթե մեկ տասնյակ ելույթներ, որոնց հեղինակները տարբեր առաջարկներ էին անում:

Օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է հավաքվել Ազատության հրապարակում և իշխանություններին ժամանակ տալ հեռանալու, իսկ եթե նրանք չկատրեն այդ պահանջը, պետք է հայտարարել «անիշխանություն», պետք է ջարդ ու փշուր անել Երևանը՝ «խառնելով թացը չորի հետ»:

Իսկ թացը չորի, այսինքն՝ մեղավորներին անմեղների հետ խառնելու նպատակն էլ, ըստ Սաղաթելյանի՝ այն է, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ դա այն գինն է, որը ինքը պետք է վճարի բռնության դեմ չըմբոստանալու համար:

ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է տեռորի, պատրաստ է ինքն իրեն հողի մեջ թաղել:

Մյուս ազատամարտիկները ավելի զուսպ էին իրենց գնահատականներում և վերլուծելով տեղի ունեցածը հայտարարում էին, որ վերջին օրերին տեղի ունեցածի նպատակը ազատամարտիկների շրջանում վախի մթնոլորտ ձևավորելն է, որը իշխանություններին չի հաջողվելու:

Եռաբլուրում հավաքվածները չնայած հայտարարում էին, որ իրենք միասնական են, սակայն պարզ էր, որ նրանց բաժանում է իրենց կուսակցական և քաղաքական կողմնորոշումների տարբերությունը: Ելույթ ունեցողների մի մասը հայտարարում էր, որ պետք է աջակցել եռյակին, որը իշխանփոխության նպատակ է դրել, մյուսները ասում էին, որ իրենք պետք է գնան իրենց սեփական ճանապարհով՝ չնայելով «եռյակ, քառյակ, հնգյակին»:

Շարքային ազատամարտիկները ելույթ ունեցողներից պահանջում էին կոնկրետ գործողությունների ծրագիր, բայց ծրագրի փոխարեն հավաքի վերջում ընթերցվեց երկու կետից կազմված մի հայտարարություն, որի առաջին կետում ասվում է, որ՝ «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությունը «դատապարտում է վերոհիշյալ բռնության դեպքերը, պահանջում սեղմ ժամկետներում բացահայտել դրանք, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Երկրորդ`պահանջում է ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի անհապաղ պաշտոնանկությունը, օրենքի շրջանակներում նրան պատասխանատվության ենթարկելը»:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ ազատամարտիկների համբերությունը անսպառ չէ, և դեպքերի նման զարգացման շարունակությունը կստիպի նրանց զբաղվել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը: Հայտարարությունը ընթերցող Սմբատ Հակոբյանը վստահեցրեց, որ իրենք ունեն գործողությունների ծրագիր, բայց այն կհրապարակեն համակարգող խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո:

Տեսանյութը՝ armlur.am-ի

Տեսանյութեր

Լրահոս