Պետք են «բեկումնային մարդիկ». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. «Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության եւ ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետեւյալ տրամաբանությամբ. «հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» – «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»:

Իրադարձությունների կրկնվողականությունը (ընդհուպ մինչեւ ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը) հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երեւակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող եւ գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր եւ այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում: Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են:

Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու եւ դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաեւ հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թեւին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետեւել:

Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետեւ արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են: Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի: Որովհետեւ նրանք եւ մնացած կուսակցությունները ոչ միայն քաղաքական պայքարի մասին ունեն շաբլոնային պատկերացում, այլեւ նույն պատկերացումն ունեն նաեւ պետական համակարգի, տնտեսության, կրթության, մշակույթի մասին: Որեւէ նորարարական միտք այս 25 տարում մեզանում չի ծնվել կամ՝ եթե ծնվել է՝ չի արտահայտվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում:

Տեսանյութեր

Լրահոս