Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում. Էդվարդ Նալբանդյան

Հարց. Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք` ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես` ղարաբաղյան հիմնախնդրի մասով:

Էդվարդ Նալբանդյան. Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարևոր հանգրվան է` քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր:

Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:

Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, և դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Ու՞մ է դա ուղղված: Հայաստանը և Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ.-ի համաձայնությունը, ինչպես նաև 1995թ.-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք:

Սա ևս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարևորությունը, որովհետև այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը։ Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգօստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացած անձանց դիակները:

Առաջին. Ադրբեջանը այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե համանախագահների, թե Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։ Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան և տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որևէ նշույլ այստեղ չկա։

Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։

Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Հարց. Պարոն նախարար, խոսվում է վստահության ամրապնդման կարևորության մասին։ Արդյո՞ք կան կոնկրետ առաջարկներ, թե՞ դա հերթական հերթապահ հայտարարությունն է:

Էդվարդ Նալբանդյան. Հայտարարություններում, իհարկե, ընդհանուր գծերով է ասվում։ Բայց, իհարկե, կողմերին ներկայացված են կոնկրետ առաջարկներ՝ վստահության միջոցների վերաբերյալ։ Դա մի փաթեթ է, որը բազմիցս ներկայացվել է եռանախագահների կողմից:

Ֆրանսիայի նախագահ Օլանդի վերջին տարածաշրջանային այցելության ժամանակ, երբ առաջարկվեց Փարիզում գագաթաժողով կազմակերպել, վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ փաթեթ ներկայացվեց։

Հայաստանը միանգամայն կողմ է այդ առաջարկություններին: Ադրբեջանը մերժեց բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին Ֆրանսիայի կողմից՝ վստահաբար՝ խորհրդակցաբար այլ եռանախագահող երկրների հետ։ Վեց-յոթ առաջարկից մի ինչ-որ բանի վրա կանգնեցին՝ Կարմիր խաչի միջոցով տեղեկությունների փոխանակման մասին։ Դա, իհարկե, Ֆրանսիայի կողմից և, ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում վստահության ամրապնդման առաջարկներից ամենակարևորը չէ։

Այդ առաջարկները ևս մեկ անգամ վերահաստատվեցին Փարիզի հանդիպումից առաջ։ Փարիզում Ադրբեջանը չցանկացավ անգամ քննարկել վերոհիշյալ վստահության ամրապնդման այդ միջոցները:

Իրենց պատճառաբանությունը այն է, որ վստահության ամրապնդման միջոցների մասին կարող ենք խոսել, երբ լինի առաջընթաց, երբ գանք հիմնախնդրի կարգավորմանը: Դա շատ անտրամաբանական մոտեցում է, քանզի եթե գանք հիմնախնդրի կարգավորմանը, ապա վստահության միջոցների այս աստիճանի անհրաժեշտություն չի լինի։ Հենց դրա մասին են եռանախագահները խոսում իրենց վերջին հայտարարության մեջ՝ հետագա միջադեպերից խուսափելու և բանակցությունները առաջ մղելու նպատակով առավել նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։ Դա նաև թույլ չէր տա իրավիճակի վատթարացումը, սրումը, որը տեղի ունեցավ հատկապես վերջին շրջանում:

Հարց. Քանի որ խոսք գնաց Փարիզի մասին, մի հարց էլ տամ. համանախագահների երեկվա հայտարարության մեջ նշվում է, որ կարգավորման հիմք են հանդիսանում հատկապես Փարիզում քննարկված սկբունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։

Էդվարդ Նալբանդյան. Փարիզում քննարկվել է այն, ինչ քննարկվում էր վերջին տարիների բանակցային գործընթացում։ Չէի ասի, որ որևէ նոր բան է քննարկվել:

Համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ հատուկ ընդգծում են այն հայտարարությունները, որոնք արվել էին եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով: Խոսքը գնում է հինգ հայտարարությունների մասին, որոնք ընդունվել էին Լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում: Եռանախագահները ընդգծում են, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքները և տարրերը հիմնախնդրի կարգավորման հիմք են հանդիսանում:

Եթե Դուք ուշադրություն եք դարձնում նրան, որ խոսք է գնում Փարիզում քննարկված ինչ-որ սկզբունքների մասին…

Փարիզում առաջարկվել էր համատեղ հայտարարություն ընդունել և առաջարկվեց դրա մեջ ներառել երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանը դեմ դուրս եկավ համատեղ հայտարարության մեջ այդ սկզբունքների հիշատակմանը։ Դա էր պատճառը, որ միասնական հայտարարություն չեղավ: Կարծում եմ՝ հենց սրա մասին են խոսում եռանախագահները։

Հիշեցնեմ, որ դեռ 2009թ. Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, արտգործնախարարների մակարդակով ընդունվեց հնգակողմ հայտարարություն` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների կողմից, որտեղ հենց այդ երեք սկզբունքները շատ հստակ ձևով հիշատակված են: Իսկ հիմա Ադրբեջանը, փաստորեն, հետքայլ է անում։

Ես երեկ իմ ելույթի մեջ էլ նշեցի, որ Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվել է հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից՝ լինի դա Կազանի վերջին գագաթաժողովի ժամանակ, կամ Կազանից առաջ Սոչիի, Սոչիից առաջ Աստրախանի, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի։

Պայմանավորվում են ինչ-որ մի բանի շուրջ, հաջորդ օրը, կամ ամենաշատը մի քանի օր անց, ադրբեջանցիները հետքայլ են անում: Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որը, փաստորեն, որևէ վստահության նշույլ չի թողնում այս բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերը ինչ-որ պայմանավորվածության են գալիս, և նրանցից մեկը ամեն անգամ հետքայլ է անում, ինչպե՞ս կարելի է վստահել, հավատալ, որ բանակցում ես լուրջ մարդկանց հետ, որ հաջորդ անգամ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո դրանք հարգվելու են:

Հարց. Իսկ ե՞րբ են լինելու հաջորդ բանակցությունները։

Էդվարդ Նալբանդյան. Բանակցություններին այլընտրանք չկա։ Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը։

Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։

Ադրբեջանն իր սադրիչ հայտարարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը:

Հարց. Պարոն նախարար, այս վերջին հայտարարությունում նշվում է, որ մենք կողմերին կոչ ենք անում “to negotiate comprehensive peace agreement”, այսինքն` համապարփակ համաձայնություն, որը, կարծես, համահունչ է այն ձևակերպման հետ, որի մասին պարբերաբար նշում է Մամեդյարովը, իսկ մենք ասում ենք, թե` ինչպե՞ս կարող ենք դա քննարկել, եթե այդ սկզբունքները դուք մերժում եք:

Էդվարդ Նալբանդյան. Դա այդքան էլ այնպես չէ, ինչպես որ ասում է Մամեդյարովը. նա այդպես մեկնաբանում է, փորձում է ներկայացնել իր ցանկացածը որպես իրականություն: Եռանախագահները առաջին հերթին հղում են կատարում հայտնի հինգ հայտարարություններին: Իսկ ի՞նչ է ասվում եռանախագահող երկրների ղեկավարների այդ հինգ հայտարարությունների մեջ. պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակումը:

Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս