Ըստ Խաչիկյանի՝ հանրապետության ղեկավարությանը սխալ տվյալներ են ներկայացվել. 1in.am
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատական քննությունը: 1in.am-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:
Վազգեն Խաչիկյանն ասել է, թե անհամապատասխանություն կա իրեն առաջադրված մեղադրանքների հանցակազմերի հետ կապված, այսինքն՝ կա արարքի սխալ որակում, իր պաշտոնն ունեցողը իրեն վստահված գումարները կարող էր յուրացնել, բայց ոչ՝ հափշտակել խարդախության միջոցով:
Վազգեն Խաչիկյանն ասել է, որ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե բազմաթիվ խեղճ թոշակառուներ կատարված յուրացումների արդյունքում չեն ստացել իրենց թոշակները:
Բայց, ըստ Խաչիկյանի, մեղադրանքի կողմը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ թեկուզ մեկ թոշակառու չի ստացել իր թոշակը:
Խաչիկյանը մեջբերել էթվեր պետբյուջեի ծախսերի, դրանցում կենսաթոշակների մասի վերաբերյալ: Ըստ Խաչիկյանի՝ հանրապետության ղեկավարությանը սխալ տվյալներ են ներկայացվել:
Այնուհետև իր «դրական» գործունեությունը ներկայացնելուց սթափվելով՝ Վազգեն Խաչիկյանն ասել է. «Չեմ կարծում, թե սա մամուլի ասուլիս է, որ այլ տվյալներ էլ ներկայացնեմ»:
Խաչիկյանը պաթետիկ տոնով հիշեցրեց, որ շուտով կլրանա Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70 տարին, անդրադարձ կատարեց Նյուրենբերգյան դատավարությանը, իր խմբի դատավարությունը համեմատեց այդ կարևոր դատավարության հետ ու նշեց, որ ի տարբերություն համաշխարհային նշանակություն ունեցող հիշյալ դատավարության, իրենց դատավարությունը տևում է շուրջ 2 տարի:
Այնուհետև Վազգեն Խաչիկյանն անցել է շնորհակալություններին: Նա շնորհակալ եղավ իր ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև իր կուսակցության այն անդամներին, ովքեր այս ամբողջ ընթացքում եղել են իր կողքին:
Հիշատակելով ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Խաչիկյանը զուգահեռ անցկացրեց այն իմաստով, որ թիմի պարտության դեպքում ամեն դեպքում պատասխանատու է թիմի մարզիչը: Թե ում և ինչ էր ուզում ասել այս խոսուն փոխաբերությամբ Վազգեն Խաչիկյանը, թողնենք առանց մեկնաբանության, բայց որպես շարունակություն նա ասաց, թե անշուշտ, մեղքն ու զղջումը «ներքին հանգամանքներ են»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: