Ադրբեջանում հայտնված 2 անձի հանդեպ՝ տարբեր վերաբերմունք
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը, բազմաթիվ մարդիկ ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին:
Նշենք, որ Արսենի առողջական վիճակը մշտապես գտնվում է Հայաստանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բոլորովին այլ վերաբերմունքի է արժանանում ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը: Նրա մասին լրատվամիջոցները գրեթե չեն գրում, նրան ֆինանսապես աջակցող չկա: Մինչ այժմ Սարգիսը գումար չի ունեցել Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու:
Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ: Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում:
Նորիկը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում, որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնելու, գիշերները հանգիստ քնելու: Այդ դեղերը անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Նորիկը հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն: Նա ասաց նաեւ,որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցները առաջիկայում աջակցություն կցուցաբերեն Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Նորիկն այժմ աշխատանք է փնտրում, որպեսզի հոր խնամքի համար գումար ունենա: