Էդուարդ Շարմազանով. «Ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը»

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին.

«Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ:

Հայոց խորհրդարանում երեկ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Մեր համոզմամբ՝ այդ միությանն անդամակցելը դրական է եւ բխում է մեր պետության շահերից:

Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ:

Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից  նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: Համոզված եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները  պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս