«Իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն»

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին նախագիծը: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արձանագրեց, որ երբևէ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցումը քաղաքական փոքրամասնությանը նոր էջ կբացի հայկական ժողովրդավարական պատմության մեջ և դա դրական իմաստով անդառնալի կարող է լինել: Նա կարևորեց քաղաքական հանդուրժողականության արամատավորման հարցը՝ ընդգծելով, որ պատգամավորների նախաձեռնությունն ազնիվ մղումների արդյունք է: Ս.Ֆարանյանը նշեց, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, գտնում է, որ խնդիրը տաբու չէ և քննարկման առարկա կարող է լինել: Միաժամանակ նա չհամաձայնեց, որ գոյություն ունեցող բոլոր խնդիրները կլուծվեն համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծում բարձրացված հարցերը բոլոր ժամանակներում այժմեական հարցեր են՝ ընտրությունների կազմակերպման, ընտրախախտումների բացառման հարցեր. «Արդյոք այսօր միապալատ ԱԺ-ում կարո՞ղ են լինել տարբեր մանդատների ուժով օժտված պատգամավորներ: Ուզո՞ւմ եք պահպանեք մեծամասնականը, ստեղծեք երկպալատ համակարգ: Խնդիրները պետք է տարբեր հարթության մեջ լուծվեն»:

Ըստ նրա՝ վսահության քվե տրվում է քաղաքական ուժին, և ոչ թե վստահությունը տալիս են ֆիզիկական անձին: Ա.Մինասյանը նշեց, որ քաղաքական ուժերը այսօր ՀՀ-ում չեն կատարում իրենց ֆունկցիան, որովհետև քաղաքական խնդիր չի դրվել և ֆինանսավորումից սկսած՝ կա լուրջ բարեփոխումների կարիք: Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս խնդիրներին անդրադարձ է կատարել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոյանը ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի պասիվությունը բացատրեց այն գիտակցությամբ, որ ընտրվելու դեպքում հնարավոր չի լինելու աշխատել և եթե կառավարությանը հաճելի անձ չի լինելու, ապա ֆինանսական միջոցների սղություն կլինի, որի պարագայում որևէ ծրագիր չի կարողանա իրականացնել.

«Նման փորձ եղել է և ուղղակի անիմաստ է դառնում: Նման իրավիճակ է նաև մեծամասնական համակարգում: Տեսլականները ներկայացվում են, բայց հետո դրանց աշխատանքը բնակչի համար վերածվում է մուտքի վերանորգման, ասֆալտապատման, վերելակի վերանորոգման և այլն: Կուսակցությունների զարգացման համար պետք անցում կատարել նոր համակարգին»:

ԲՀԿ-ական պատգաամվոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ շատ բարդ է վերջնական ապացուցել, թե որ համակարգն է ավելի լավ, բայց փաստ է, որ պառլամենտական մեծամասնությունն ընտրությունների ժամանակ չի ապահովել մեծամասնություն և այդ դեպքում պետք էր ձևավորվեր կոալիցիա և պետք է որ չլիներ քաղաքական մենաշնորհ:

Սրան հանգեցրել է մեծամասնական ընտրակարգը: Բերեք գնանք այլ ճանապարհով և անգամ ՏԻՄ ընտրություններն ավելի կարևոր կդառնան»:

Ս.Մարգարյանը նշեց, որ ամբողջ համամասնականն աշխատում է մեծամասնական թեկնածուների օգտին: Նա բացառեց երկխոսությունը՝ առանց այս հարցի քննարկման և լուծման, որը գտնվում է 12 կետերի շրջանակներում. «Իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս պահին ՀՀ-ից դուրս աշխարհի 45 երկրներում 750 հազար ՀՀ քաղաքացիներ դիմել են այլ քաղաքացիություն ստանալու, որոնց մեջ հաշվառված չեն ապօրինի ձևով դրսում գտնվողներրը. «Պարզ է, որ այդ մարդկանց շարքերում են նաև այստեղ ցուցակներում ներառված քաղաքացիները: Մեր պահանջն է ցուցակերը մաքրել: Որևէ մեկի ընտրելու իրավունքը սրանով չի խաթարվում: Ի՞նչն է խանգարում գնալ ցուցակները մաքրելուն»:

Ըստ Ա.Մանուկյանի՝ մեծամասնականի մեջ խոտանն ավելի շատ է, քան համամասնականի մեջ. «Սա չի նշանակում, որ էս մեկը քըխ է, էս մեկը լավն է: Փորձն է ցույց տալիս, որ համամասանականով եկածներն ավելի արդյունավետ են»:

«Չկա այսօր ՀՀ-ում ընտրական համակարգ, չկա ընտրական մեխանիզմ: Այս մեխանիզմից հրաժարվեք՝ հօգուտ Ձեր քաղաքական ապագայի»,- հայտարարեց Ա.Մանուկյանը՝ դիմելով ՀՀԿ-ականներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չհապաղեց շնորհակալություն հայտնել մեծամասնության մասին մտածելու համար:

Տեսանյութեր

Լրահոս