«Կորեայի ձոր» կոչվող տեղանք շինարարական թափոններ ապօրինի տեղափոխողները պատասխանատվության են ենթարկվել

2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64  և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես «Միկշին» ընկերության աշխատակից և ասել, որ իրեն հանձնարարել են թափոնները տեղադրել հենց այդ վայրում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել էր պարզել դեպքի մանրամասները:

Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին տեղում «Միկշին» ընկերությունից պարզաբանել են, որ որևէ հանձնարարություն վարորդին իրենց կողմից չի եղել՝ թափոնը չնախատեսված վայրում տեղադրելու համար:

Տեսանյութում ամրագրված երկու մեքենաների վարորդները  ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Միևնույն ժամանակ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները կազմակերպել են քննարկում Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում, որտեղ տեղյակ էին Հրազդանի կիրճի այդ հատվածում կատարվող նմանատիպ իրավախախտումների մասին:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ այդ տեղանքում տեղադրված ուղեփակոցների շնորհիվ նախկին տարիների համեմատ նվազել են թափոնի ապօրինի տեղադրման դեպքերը:

ՀՀ ԲՆ աշխատակիցների կողմից առաջարկվել է հնարավորության սահմաններում շարունակել ուղեփակոցների տեղադրումը նաև նմանատիպ այլ բաց տարածքներում:

Տեսանյութեր

Լրահոս