Փոստանջյանը կոչ արեց օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրություններն ու «իրապես ուղարկել գրողի ծոցը»

Այսօր Ագային ժողովի հերթական նիստի սկզբում բուռն քննարկում տեղի ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարույի Փոստանջյանի և մյուս պատգամավորների միջև՝ «Օսմանյան Թուրքիայում ասորիների, եզդիների, հույների և այլ ազգերի ցեղասպանությունը ճանաչելու մասին» օրինագծի շուրջ: Դրա հեղինակ Զ.Փոստանջյանը, մատնացույց անելով, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում շնորհակալություն հայտնեց Բոլիվիային, որի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են Հայոց Ցեղասպանությունը, հայտարարեց, որ ՀՀ Աժ արտաքին հարցերի հանձնաժողովը հավանութուն չի տվել իր ներկայացրած նախագծին:

«Ե՞րբ, ի վերջո, ԱԺ-ն պետք է ճանաչի մյուս ազգերի ցեղասպանությունը: Այս նախագծի վրա շատ աշխատանք էր արված, նաև համաձայնեցված էր կառավարության հետ: Ե՞րբ եք ճանաչելու այլ ազգերի ցեղասպանությունը: Եթե մենք, որպես պետություն, չենք դատապարտում, ապա ինչո՞ւ պետք է այլ պետություններից պահանջենք դատապարտել»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Գ.Սահակյանը նշեց, որ հանձնաժողովում գտել են, որ այս պահին հարմար չէ այդ օրինագիծն ընդունել ու նկատեց, թե երբ ասում է «Հայոց Ցեղասպանություն», հասկանում է նաև այլ ազգերի ցեղասպանությունը: Ըստ նրա՝ արդյունքները պետք է բավարար լինեն և՛ մեզ, և՛ միջազգային հանրության համար:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի խոսքով՝ ռեալ պոլիտիկի տեսանկյունից բավարար չի նախագիծն ընդունելու համար և եթե նման տեսքով այն ընդունվի, ապա տքնաջան աշխատանքը, որ կատարվում է ՀՀ-ում, սփյուռքում և այլն, ջուրը կընկնի. «Մերման համար լիկատար կոնսենսուս կար պատմությունից քաջատեղյակ մարդկանց կողմից»:

Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ հենց այդ «ռեալ պոլիտիկի» համատեքստում է նշել, որ արդեն շուրջ 20 տարի ՀՀ-ն անկախություն ունի և պետք է պատասխանատվություն կրի նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների համար, իսկ ռեալ պոլիտիկից ելնելով ցեղասպանությունը չդատապարտելը չի բխում ՀՀ շահերից:

Նա կոչ արեց ԱԺ մեծամասնությանը ներկայացնել որակյալ օրինագիծ, եթե գտնում են, որ իր օրիանգծի մեջ կան թերություններ: Միաժամանակ Զ.Փոստանջյանը կոչ արեց օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրություններն ու «իրապես ուղարկել գրողի ծոցը»: Նրա խոսքով՝ բավ է վարել քաղաքականություն, որն ուղղված չէ ՀՀ շահին, այլ ուրիշների շահերից է բխում: Ըստ պատգամավորի՝ մինչ այս պահը Թուրքիայում ցեղասպանությունը շարունակվում է, մեզ պատկանող հուշարձանները ոչնացվում են և Հրանտ Դինքի սպանությունը դրա վառ օրինակն է:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունեց օրինագծի գաղափարը, սակայն նշեց, որ մեծամասնությունը գտնում է, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, բայց ընտրված ձևաչափի մեջ կան ոչ ճիշտ մեկնաբանություններ: Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը նախաձեռնելու է հայտարարության ընդունում՝ Օսմանյան կայսրությունում ապրող հույների, ասորիների և եզդիների ցեղասպանության մասին:

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ հանձնաժողովում քննարկումների ժամանակ ոչ ոք դեմ չի եղել օրինագծին, հեղինակին խնդրել են ժամանակ տալ սխալ բերված պատմագիտական տվլյալները ուղղելու համար, մինչդեռ Փոստանջյանի երկրորդ օրինագծին բոլորը կողմ են եղել, որ Ցեղասպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ը ընդգրկվի ՀՀ հիշատակի օրերի ցանկում:

ՀՀԿ-ն հայտարարեց, որ չի քվերակի օրինագծին, մյուս խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են, բայց հաշվի առնելով հանգամանքները, ճիշտ կլինի ետ վերցնել և լրամշակել:

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն առաջարկեց միանգամից վերջանական տարբերակը քննարկել:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ կարելի է ընդառաջ գնալ, քվեարկել, բերել վերջնական տեսքի ու ընդունել:

ԱԳ նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ տեքստում կան փաստագրական սխալներ, որոնք կարող են ծիծաղելի վիճակում դնել Հայոց խորհրդարանը: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ի մասին օրինագիծը դնել քվեարկության:

ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը նկատեց, որ եթե օրակարգ չեն մետցնում հարցը, նշանակում է մերժում են Թուրքիայում բնակվող այլ ազգերի Ցեղասպանությունը. «Օրենսդիր մարմինը նրա համար է, որ վերջնական տեսքի բերի ու ընդունի: Չի եղել մի օրինագիծ, որ բերվել ու ընդունվել է վերջնական տեսքով»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ բոլորի մոտեցումն այն է, որ միասին ճիշտ տեքստ քվեարկեն: Նա նշեց, որ այժմ հարկավոր է հանել նախաձեռնությունը, որ տարաբնույթ շահարկումների տեղ չլինի:

Գ.Սահակյանը՝ դիմելով Զ.Փոստանջյանին, խնդրեց իր խնդրանքը չմերժել և, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, օրինագիծը հանել քվեարկությունից:

Զ.Փոստանջյանն ընդառաջ գնաց գործընկերներին՝ հայտարարելով, որ հետ է վերցնում օրինագիծը՝ ակնկալիքով, որ պատգամավորները գրավոր առաջարկներ կներկայացնեն և նախաձեռնությունը կվերամշակվի:

Տեսանյութեր

Լրահոս