ԳԽ պատգամավոր. Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք

ՀՀ  Գերագույն խորհրդի հարգելի՛ պատգամավորներ,

Պատմական դեպքերի օբյեկտիվ զարգացման ընթացքում մեզ և մեր սերնդին բախտ է վիճակվել առանձնահատուկ դեր ունենալ հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ. կատարել  քաղաքական որոշիչ քայլեր՝ թելադրված մեր նախնիների հավերժական կանչով ու սեփական պետություն ունենալու բազմադարյա երազանքով: Եվ մենք այդ որոշումներն ընդունեցինք ժողովրդական լայն զանգվածների ձգտումների հիման վրա, քաղաքական խորազնին վերլուծությունների և ճշգրիտ հաշվարկների արդյունքում:

Մենք Հայաստանի գերագույն իշխանության այն ներկայացուցիչներն ենք, ովքեր, օժտված լինելով ժողովրդի լայն զանգվածներից ստացած իրավունքով, միս ու արյուն են տվել Հայաստանի անկախ պետության կայացմանը: Հիշեցնեմ՝  1990 թ. օգոստոսի 23-ին ընդունել ենք Հայաստանի անկախ պետականության համար ուղենիշային Անկախության Հռչակագիրը, ապա՝ 1991 թ. սեպտեմբերի 23-ին՝ հենվելով Անկախության հանրաքվեի արդյունքների վրա՝ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն: Եվ այդ ոգով էլ ընդունվել Է ՀՀ օրենսդրությունը, իրականացվել պետական շինարարությունը:

Այդ հիրավի պատմական որոշումներն ու փաստաթղթերը վերանայման ենթակա չեն և վաղեմության ժամկետ չունեն: Դրանք մշակվել, գրվել և ընդունվել են դարերի համար, և որևէ իշխանություն, բացի հայ ժողովուրդը իր միասնական կամքն արտահայտող հանրաքվեով, չի կարող  փոխության ենթարկել Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական որոշումները և  Հայաստանը մղել դեպի այնպիսի վերազգային կառույցներ, որոնք ստվեր կգցեն  մեր ինքնիշխանության վրա: Այն իշխանությունը, որը կփորձի նման քայլի դիմել,  ի սկզբանե օրենքից դուրս է:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, որն իրականացնելու համար ներկա իշխանությունները ջանք չեն խնայում,  ամբողջովին հակասում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին, քանզի հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են մեր ընդունած ուղենշային և հիմնարար փաստաթղթերում:

Ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ այդ քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորուստով, քանի որ դառնալով այդ կազմակերպության անդամ՝

–  Հայաստանի արտաքին քաղաքականության գործառույթների մի զգալի մաս անցնում է կազմակերպության նախաձեռնող երկրին՝ Ռուսաստանին,

–  Հայաստանի օրնսդրությունը փոփոխվում է՝ հարմարեցնելով անդամ երկրների օրենսդրությանը,

–  Հայաստանի տնտեսությունը ամբողջովին կախման մեջ է դրվում կազմակերպության ԵՏՄ նախաձեռնող երկրի՝ Ռուսաստանի տնտեսությունից,

–  Հայաստանի Հանրապետությունը զրկվում է սեփական դրամական միավորից,

–  Հայաստանի զինված ուժերը տարալուծվում են կազմակերպության առաջատար երկրի՝ Ռուսաստանի զիված ուժերի մեջ,

–  Նսեմանում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի դերը:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս իրավիճակում լռելը նշանակում է հրաժարվել մեր սկզբունքներից ու համոզմունքներից: Նշանակում է Հայաստանի ապագան հանձնել բախտի քմահաճույքին և արկածախնդրությանը:

Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք՝ կրկին լինենք առաջին շարքում, նույն եռանդով պաշտպանենք հայ ժողովրդի ու Հայաստանի շահը:

Ժամանակն է ցույց տալ, որ մեր ստորագրությունները իրենց ուժը չեն կորցրել, որ երկիրը եղել է մերը՝ մեր ժողովրդինը ու հիմա էլ մերն է՝ մեր ժողովրդինը:

Արամ Մայիլյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր,
Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ

Տեսանյութեր

Լրահոս