Մենք հասկանում ենք, թե մեր էներգակիրները որքան կարևոր են Թուրքիայի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման համար. Պուտին

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը գրավոր ձևով տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիային հավելյալ ծավալի ռուսական գազ մատակարարելու հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հաշվի առնելով ռուս-թուրքական գազային շուկայի իրողությունները:

Պուտինի խոսքերով՝ էներգետիկան վերջին տասնամյակների ընթացքում քարշիչ ուժի դեր է խաղացել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունում. «Թուրքիան ռուսական գազի երկրորդ գնորդն է (Եվրոպայում՝ Գերմանիայից հետո):

Նախորդ տարի Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 26.6 միլիարդ խորանարդ մետր (Թուրքիայում գազի սպառումը կազմել է 45 միլիարդ խորանարդ մետր) գազ, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կգերազանցվի այդ ցուցանիշը»:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան հասկանում է, թե ռուսական էներգակիրները որքան կարևոր են Թուրքիայի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման համար: Պուտինը հիշեցրել է, որ հոկտեմբերին երկու երկրների միջև ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն՝ «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարման տարեկան ծավալը 16-ից 19 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու համար:

Անդրադառնալով Աքքույուի ատոմակայանի կաառուցման խնդրին՝ Պուտինը նշել է, որ մասշտաբային այդ նախագծի իրագործումը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար, և որ աշխատանքներն ընթանում են գրաֆիկին համաձայն: Պուտինի խոսքերով՝ նախագծի իրագործումը կամրապնդի Թուրքիայի էներգոանվտանգությունն ու կստեղծի նոր աշխատատեղեր:

Խոսելով հումանիտար ոլորտում երկկողմ կապերի զարգացման մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին Անկարայում սկսել է գործել Ռուսական մշակույթի ու գիտության կենտրոնը, իսկ Մոսկվայում ակնկալվում է բացել միջնադարյան (13-14-րդ դարեր) թուրք հանրահայտ պոեռ Յունուս Էմրեի անվան Թուրքական մշակույթի կենտրոն:

Պուտինն ընդգծել է, որ 2013 թվականին Թուրքիա է ժամանել մոտ 4.3 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ արդեն 4.1 միլիոն զբոսաշրջիկ: Պուտինի խոսքերով՝ Թուրքիայում ռուսական ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1.7 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանում թուրքական ներդրումների ծավալը մոտենում է մեկ միլիարդ դոլարի սահմանագծին:

Տեսանյութեր

Լրահոս