Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել ազգային արժույթներով վճարումներ անելը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել ազգային արժույթներով վճարումներ անելը՝ վերացնելով գոյություն ունեցող խոչընդոտները: Այս մասին նշված է Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունում:
Նիստի ժամանակ կողմերն ընդգծել են ազգային արժույթներով վճարումներ անելու իրավաբանական ու ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը և պայմանավորվել են երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանք տանել ռուբլիով ու լիրայով վճարումներ անելու ճանապարհին ընկած արգելքների հայտնաբերման ուղղությամբ:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանն ու Թուրքիան պալանավորել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 35 միլիարդ դոլարից հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա: