Այս տարի Թուրքիայում տղամարդկանց բռնությունների հետևանքով սպանվել է 240 կին
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականի սկզբից ցայսօր Թուրքիայում տղամարդկանց բռնությունների հետևանքով սպանվել է 240 կին: Այս մասին հայտարարել է Քըրըքալեի իրավաբանների ասոցիացիայի՝ կանանց իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Այլին Յուրդաքուլը:
Նրա խոսքերով՝ բազմաթիվ թուրք կանայք տղամարդկանց կողմից տարբեր տիպի բռնությունների են ենթարկվում տանը, աշխատավայրում ու փողոցում: Խոսքը գնում է ֆիզիկական, բանավոր ու սեռական բնույթի բռնությունների մասին:
Յուրդաքուլն ընդգծել է, որ երեխաների հանդեպ կոպիտ վերաբերմունքը հասել է սարսափելի չափերի, և որ լայն տարածում են գտել ատելության հողի վրա կատարվող սպանությունները: Նա կարևորել է կանանց իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը կյանքի կոչելը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կանանց իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ դեմ էր արտահայտվել սեռերի իրավահավասարությանը, ինչը սկանդալի պատճառ էր դարձել: