ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլը միավորել են բանկոմատների ցանցը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը երկու բանկերի Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից սպասարկվելիս:

Ինչպես նշվում է 2 բանկերի պաշտոնական կայքերում, համագործակցող բանկերի հաճախորդներին այսուհետ հասանելի են առավել մեծ թվով բանկոմատներ, որոնց միջոցով քարտապանները Visa և MasterCard քարտերից կարող են գումար կանխիկացնել իրենց համար առավել հարմար պայմաններով: Երկու բանկերի բանկոմատների ընդհանուր ցանցը ներառում է 345 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում:

Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Visa և MasterCard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներից նույն սակագնով, որը գործում է իրենց համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելիս: Նույն սկզբունքը գործում է նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելու դեպքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն այս կապակցությամբ ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների ցանցերի միավորումը կարևոր քայլ է հայկական բանկային ոլորտում, որն ուղղված է սպասարկման հեռակառավարվող ուղիների զարգացմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բարձրացնել բանկային ծառայություններ որակը և դրանց հասանելիությունը հաճախորդների համար, ինչպես նաև կապահովի բանկային քարտերի օգտագործման հարմարավոտությունը մեր հանրապետություն տարածքում: Միավորված ցանցը կազմում է Հայաստանի բանկոմատների ողջ ցանցի գրեթե 1/3 մասը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի մրցակցային լուրջ առավելություն երկու բանկերի համար»:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն էլ նշել է, որ իրենց բանկերի համագործակցության առաջնային նպատակն է առավել ընդլայնել մատչելի սակագներով սպասարկող բանկոմատների ցանցը  հաճախորդների համար. «Կարևորելով Հայաստանում քարտերով կատարվող գործառնությունների աճը, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քարտերն առավել նախընտրելի վճարային գործիք դարձնելու ուղղությամբ՝ խթանելով ինչպես անկանխիկ վճարումների կատարումը, այնպես էլ հետևողականորեն ընդլայնելով քարտերի սպասարկման ամբողջ ենթակառուցվածքը»:

Տեսանյութեր

Լրահոս