Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոք է հղել Euronews և CNN Türk հեռուստաալիքներին՝ կապված ուղղաթիռի միջադեպի լուսաբանման հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հանձնարարմամբ՝ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է CNN Türk հեռուստաալիքի ղեկավարության հետ, որի ժամանակ ներկայացրել է իր երկրի դժգոհությունը՝ կապված հեռուստաալիքի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» ուղղաթիռի խոցումը լուսաբանելու հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը: Նա հավելել է, որ ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է ներկայացրել նաև Euronews հեռուստաալիքի ղեկավարությանը՝ «ոչ ճիշտ տեղեկատվություն» ներկայացնելու համար: 

Գաջիևն ընդգծել է, որ CNN Türk-ն անմիջապես ուղղել է իր «սխալը»: Ավելի վաղ հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում նշվել է, որ ուղղաթիռը պատկանել է Լեռնային Ղարաբաղի բանակին, և բացի այդ, Լեռնային Ղարաբաղն ինքը ներկայացվել է որպես առանձին սուբյեկտ:

Գաջիևն ուղղաթիռի միջադեպի կապակցությամբ Հայաստանին մեղադրել է «ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերելու» մեջ: Նրա խոսքերով՝ Հայաստանը «խոչընդոտում» է խաղաղության գործընթացը, ինչի մասին «վկայում է նաև» ուղղաթիռի միջադեպը:

Տեսանյութեր

Լրահոս