Ուկրաինան չի դադարեցնի Ղրիմի համար պայքարը. Կլիմկին
Գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է սեփական ազդեցությունը վերականգնել Դոնբասում՝ իր ենթակայության տակ չգտնվող տարածքներում:
Կլիմկինը մանրամասնել է, որ Ուկրաինան պատրաստվում է դա անել ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական միջոցներով: Նա դրանով իսկ բացասական պատասխան է տվել Դոնբասը վերանվաճելու մասին հարցին.
«Այդպիսի ռազմական գործողությունը կշոշափի խաղաղ բնակչությանը, մեր ուկրաինացի համաքաղաքացիներին: Նրանց վիճակն առանց այդ էլ ծանր է: Չնայած հակամարտության գոտում հրադադարի խախտումներին՝ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման մասին մինսկյան պայմանավորվածություններին»:
Կլիմկինը հայտարարել է, որ Դոնբասի տնտեսական դրությունը վատթարանում է, իսկ Ուկրաինայի իշխանությունները հնարավորության դեպքում օգնում են այնտեղ բնակվող մարդկանց, մասնավորապես շարունակում են մատակարարել գազ ու էլեկտրաէներգիա:
Կլիմկինը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի դադարեցնի Ղրիմի համար պայքարը՝ քաղաքական ու իրավական միջոցներով: