«Հույսով մնանք, որ կլինի ոչ թե արդարդատություն, երբ արդարներին են դատում, այլ, իրոք, արդարադատություն»
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. նա մեղավոր ճանաչվեց խուլիգանության, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ: Դատարանում ամբաստանյալը պնդեց, որ իրենց տանը խուզարկության ժամանակ հայտնաբերված դեղը նախատեսված է եղել շան համար, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել նաև ապօրինի կերպով հոգեմետ նյութ պահելու մեջ:
«Բոլորի նկատմամբ շատ վատ որոշում էր»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեց ամբաստանյալի մայրը դատարանի կողմից հրապարակված վճիռը: Հարցին՝ եթե գործով ամբաստանյալներին քաղբանտարկյալ է համարում, ապա, իր կարծիքով՝ ինչո՞ւ են տղաներին ցանկացել մեկուսացնել, Լ. Պետրոսյանը պատասխանեց. «Իրենք վախենում էին: Ճիշտ է՝ 14 հոգին չէր կարող ինչ-որ բան փոխելգ»:
Լ.Պետրոսյանը նշեց, որ դատավճռի հրապարակումից հետո չի հասցրել տեսակցել որդուն. նրա խոսքով՝ դատավճռից հետո որդին շրջվել է դեպի դատարանում նստած մարդիկ և բոլորին շնորհակալություն հայտնել աջակցության համար: «Ձեռքերը բարձրացրեց օդ և ժպտալով գնաց: Իմ տղան ընկճվող տղա չէ: Պարզապես ափսոս է, որ ինքը 4.5 տարի պետք է բանտում անցկացնի, երբ կարող էր շատ բան անել»,- ասաց նա:
«Իմ Հայկն իմ թոռնիկի համար իր իդեալն է, հասկանո՞ւմ եք: Որովհետև գիտի, որ պայքարում է և իր համար, որ իմ թոռնիկը և ձեր բալիկները, որ դուք հետո կունենաք, ապրեն անկախ, ազատ Հայաստանում»,- ասաց ամբաստանյալի մայրը:
«Հունիսի 17-ին, երբ Առուստամյանին (խոսքը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մասին է.- Օ.Հ.) և Հակոբյան Ռուբենին (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.- Օ.Հ.) հարց տվեցին՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, առաջինը ժխտեց, իսկ երկրորդն ասաց՝ մենք քաղբանտարկյալ չունենք, բայց քաղաքական հետապնդումներ ունենք: Եվ ես հարց եմ տալիս. եթե քաղբանտարկյալ չունեք, ո՞ւմ եք հետապնդում: Մե՞զ: Ուրեմն՝ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք, եթե դուք այս պետության մեջ քաղբանտարկյալներ չունեք, բայց հետապնդումներ ունեք»,- քաղաքական գործիչների հայտարարությունը վերհիշեց ամբաստանյալի մայրը` միաժամանակ նշելով, որ դատավճռից հետո որոշ կուսակցություններ հայտարարություն տարածեցին՝ ասելով, որ տղաները քաղբանտարկյալ են: Լ. Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են հիմա տղաներին քաղբանտարկյալ համարում, «որովհետև դիվիդենտնե՞ր են իրենց պետք». «Ես նույնիսկ ինքս չեմ գնացել ոչ մի միտինգի, և հաստատ համոզված եմ, որ մեր շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի գնացել միտինգի, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ միտինգը մեր օգտին չէ, ձեր օգտին չէ, իրենց համար է դա»:
Հայկ Հարությունյանի մայրն ասաց, որ պատրաստվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերաքննիչ դատարանից ևս սպասելիքներ չունեն:
«Ես առանձնապես սպասելիք չունեմ: Հայկս նույնիսկ չի ցանկացել, որ մենք դատապաշտպան վերցնենք: Իմանալով մեր վիճակը՝ ինքը հանրային դատապաշտպանի է դիմել, որովհետև ինքներդ գիտեք, որ դա դժվար պրոցես է: Բայց ոչինչ էլի չեմ ակնկալում: Ուղղակի, էլի եմ ասում, մենք անում ենք այն, ինչ մեզնից հասնում է: Ուրիշ ոչինչ: Հույսով մնանք, որ կլինի ոչ թե արդարդատություն, երբ արդարներին են դատում, այլ, իրոք, արդարադատություն: Իմ Հայկը, եթե հիշում եք, նույնիսկ դատարանում ասաց. այս դատարանը կարծես թե առևտրական կազմակերպություն լինի, երբ Վարդանի (խոսքը նույն գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանի մասին է.- Օ.Հ.) նման հրամանատարի` իր բոլոր ծառայությունների համար կես տարի «սկիդկա» արեցին»:
«Ոչ մի ակնկալիք չունենք, որովհետև այն, ինչ արվեց այս դատարանում, կարվի վերաքննիչ դատարանում: Ոչ մի լավ սպասելու բան չունենք: Ուղղակի մենք պայքարում ենք, մենք շարունակում ենք մեր պայքարը, որովհետև մենք ծնողներ ենք, մենք ընտանիք ենք: Մենք մեր երեխաներին սովորեցրել ենք, որ պետք է ազնիվ ապրեն»,- ասաց ամբաստանյալի մայրը՝ նշելով, որ իրենք միայն արդարություն էին ցանկանում, ինչպես պայքարի դուրս եկած և ամբաստանյալի աթոռին հայտնված տղաները: