Ուկրաինայում փաստացիորեն «մահացել» է հրադադարը. Մաքքեյն
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/1409855904-1559-makkeyn.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքի խորքեր ռուսական զորքերի ու ծանր տեխնիկայի առաջխաղացման մասին հաղորդագրությունները փաստացիորեն «հուղարկավորել» են Դոնբասի հրադադարը.
«Ռուսաստանը խախտել է հրադադարի մասին համաձայնագրերն ու վերստին Ուկրաինայում ռուսամեջ անջատողականներին մատակարարում է ռազմական տեխնիկա ու սպառազինություն: Որևէ մեկի համար անակնկալ չէր այն հաղորդագրությունը, որ ռուսական տանկերի, հրետանու ու ռազմական անձնակազմի մեծ շարասյունները վերադարձել են հետ՝ Ուկրաինայի արևելք:
Եթե դա ճիշտ է, ապա այն կլինի վերջին ու ամենահամոզիչ հիմնավորումը, որ հրադադարի մասին համաձայնագիրը փաստացիորեն «մահացել» է: Եթե հաստատվի այդ տեղեկատվությունը, ապա դա պետք է հանգեցնի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների անհապաղ խստացմանը»:
Մաքքեյնի խոսքերով՝ ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային ապահովի ռազմական հնարավորություններով, որպեսզի վերջինս պաշտպանի իր ինքնիշխան տարածքն ու դիմակայի Պուտինի ագրեսիային: