Հարություն Մեսրոբյան. Կառավարման կառուցվածքային փոփոխությունը կմնա բարի ցանկություն, եթե լավագույններին չներգրավեն. tert.am
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ՀՀ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները կմնան բարի ցանկություն և արդյունք չեն տա, որովհետև խոշորագույն խնդիրներն այդպես էլ չլուծված են մնում։
-Պարո՛ն Մեսրոբյան, որպես կառավարման փորձագետ, ի՞նչ եք կարծում, ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունն ու վերադասավորումը ի՞նչ արդյունք կարող է տալ։
-Ցանկացած խոշորացում, բայց գրագետ խոշորացում, լավ բան է, բայց երբ ամբողջ կառավարման համակարգը սխալ է կառուցված, ցանկացած փոփոխություն ոչ մի էական տարբերություն դեպի լավը կամ վատը՝ չի բերի։ Իհարկե, նախարարությունները շատ են, կառավարման համակարգերում աշխատողների քանակը շատանում է, կառավարումը քանի գնում է՛լ ավելի է վատանում ՀՀ-ում։ Այստեղ երկու առանձին փոփոխություններ դեր չեն խաղում։ Շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, օրինակ՝ Հայաստանում 91թ-ից սկսած մեր պետական կառավարման համակարգում քայլ առ քայլ է՛լ ավելի է հաղթում բացասական ընտրասերումը (նկատի ունի ոչ լավագույններին ընտրելը – tert.am)։ Բացասական ընտրասերումը այն է կառավարման համակարգում, որ ինչքան բարձր է պաշտոնը կառավարման բուրգում, այնքան մեծ է հավանականությունը, որ արժանին չի անցնի։ Հետևապես ուզում է մեկ նախարարություն լինի, ուզում է 10 նախարարություն լինի, եթե մեզ մոտ բացասական ընտրասերում է ամբողջ համակարգում, դա միայն կվատացնի վիճակը, դեպի լավը չի կարող լինել։
-Այսինքն՝ կառուցվածքային փոփոխությունն իր հետ լավ որակ չի՞ կարող բերել։
-Ո՛չ, եթե ըստ էության նայենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելը արդեն իսկ սխալ է, ասեմ ինչու։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է հենց արտակարգ պայմաններում և նման արտակարգ կառույցներն ունեն լրիվ այլ կառավարման սկզբունքներ՝ ֆորսմաժորային ռեժիմով, քան մյուս նախարարությունները, որոնք աշխատում են օրական ռեժիմով պլանավորված։ Այսինքն՝ այդ երկու նախարարությունների աշխատաոճը՝ և՛ էությունը, և՛ տեմպը, տարբեր է, դա ավելի շատ ուժային նախարարություն է։
-Իսկ այն, որ այդ միացումով կվերականգնվի Ներքին գործերի նախարարությունը, ստացվում է ոստիկանություն ունենք, հիմա էլ ներքին գործերի նախարարություն կլինի զուգահեռ, սա կլրացնի՞ ոստիկանության գործառույթները, թե՞ ընդհակառակը՝ լիազորությունները կկրճատի։
-Ինձ նման հարցեր չեն հետաքրքրում, որովհետև ես չեմ նայում տվյալ նախարարության տեսանկյունից, ես տեսնում եմ, թե որ քայլը կբերի երկրի զարգացմանը, որ քայլը ոչ մի բանի չի բերի, որն էլ կբերի երկրի թուլացանը։ Հիմա ես ձեզ ասում եմ՝ լավագույն դեպքում ոչ մի բանի չի բերի։ Անկախ նրանից ոստիկանությունը կուժեղանա, կթուլանա, ես երկրի մասին եմ ասում։ Եթե հիշում եք ժամանակին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը միացրին, անջատեցին և այլն…Ես էլի ստիպված եմ պատկերավոր ասել, որ մեզ մոտ պետական կառավարման համակարգը շուռ տված ավտոմեքենայի նման է, երբ մեքենայի անիվները վերևում են. հիմա անիվ կփոխեն, 4 անիվը կփոխեն երեք անիվով, 2 շարժիչ կդնեն, ինչ ուզում են անեն, այդ մեքենան չի շարժվի, քանի որ բացատրեցի կարևորագույն խնդիրներից մեկը՝ բացասական ընտրասերում է։ Եթե մենք չենք կարողանում լավագույններին հավաքել, պետական կառավարման համակարգում, մնացածն անիմաստ է։ Սինգապուրի հրաշքի կնքահայրը՝ Լի Կուան Յուն, երբ 2007թ-ին գնացել էր Ռուսաստան, իրեն այնտեղ տարբեր մարդկանց ներկայացնում էին, ու ասում էին, որ սա Ռուսաստանի լավագույն ֆինանսիստներից մեկն է։ Նա հարցնում է, թե որտեղ ես աշխատում, պատասխանում է այսինչ ֆիրմայում, ասում է սա տնտեսագետներից ամենից լավն է, սա նա է, սա՝ նա, վերջում գիտե՞ք ինչ ասաց Լի Կուան Յուն, «եթե ինքը լավագույնն է, ինչո՞ւ պետական կառավարման համակարգում չէ, այլ մասնավորի մոտ է»։ Հասկանո՞ւմ եք, դրա համար Սինգապուրը Սինգապուր է, մենք էլ Հայաստան ենք։ Ուզում եք անփորձ վարորդին տվեք ամենահզոր մեքենան, ինքը ոչինչ չի կարող անել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: