Համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա. Մ. Հակոբյան
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հարցազրույց է տվել Մոսկովյան «Նոյան տապան» թերթին.
1.Պարոն նախարար, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ս.թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղիունեցած հնչեղ իրադարձությունները կրկին անգամցուցադրեցին ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրմարտական պատրաստության աստիճանը: Այլ կերպ ասած, ղարաբաղյան բանակըհակառակորդին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ուժի միջոցով հարցի լուծումըապագա չունի: Դրանից հետո փոխվել է արդյո՞ք իրավիճակն առաջնային գծում:Արդյո՞ք նվազել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
– Իրականում այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած զարգացումները, որոնք բացառապես պայամանավորված էին ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրիչ գործողություններով, հերթական անգամ ցույց տվեցին, որ ինչքան էլ պաշտոնական Բաքուն բարձրագոչի իր ռազմական հնարավորությունների մասին, այնուամենայնիվ հիմնախնդրի լուծման ուժային ճանապարհը հեռանկար չունի կամ անգամ, եթե ունի, ապա ոչ իր օգտին: Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ իրադարձություններից հետո առաջնային գծում ստեղծված իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ լարվածությունը բավականին նվազել է, կրճատվել են նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
2. Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված առաջնագծում արձանագրվածաննախադեպ լարվածությունն այս տարի, որը նշվում է որպես հրադադարիհաստատման 20-ամյակ:
– Ոչ միայն այս տարի, այլև ընդհանրապես առաջնային գծում պարբերաբար ստեղծելով լարվածություն, Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ըստ իս, հիմնականում հետապնդում է հետևյալ նպատակները, նախ` միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ պատերազմը դեռևս ավարտված չէ և իր “կորցրածի” համար ինքը շարունակում է մնալ պահանջատեր, երկրորդ` պատերազմի անավարտության քողի տակ ապահովել ներքին քաղաքական հնազանդություն, և երրորդ` տարբեր նախահարձակ գործողություններով փորձել ստուգել ինչպես իր զորքերի պատրաստականությունը, այնպես էլ մեր բանակի պաշտպանունակության մակարդակը: Այնպես որ, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից առաջնային գծում դրսևորած ռազմական ակտիվությունը հիմնականում պետք է դիտարկել նշված երեք ուղղությունների համատեքստում:
3.Հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներինհատկացվում է՞ ինչ-որ օժանդակություն:
– Հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք օժանդակություն է ստանում օրենքով սահմանված կարգով: Պետությունն իր հնարավորության սահմանում ձգտում է գնահատել իր զինվորի կատարածը, ինչը դրսևորվում է ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցության տեսքով:
4.Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեց տարի աճում է, ադրբեջանական բանակըհամալրվում է արդիական զենքի բոլոր հնարավոր տեսակներով: Հասկանալի է, որայս կոնտեքստում դժվար է մրցակցել հակառակորդի հետ: Ի՞նչ է Ադրբեջանինհակադրում ղարաբաղյան կողմը՝ փորձելով պահպանել տարածաշրջանում ուժերիհարաբերակցությունը: Եվ ընդհանրապես, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակիցպատերազմում հաջողության հասնելու համար:
– Ես ասել ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ռազմական բյուջեի ծավալային աճը դեռևս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանում նախատեսված ծախսային հատկացումները Բաքուն նպատակաուղղում է այն միջոցների ձեռքբերմանը, որոնց համարժեքն արդեն առկա է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, մենք հակառակը` հանգիստ և առանց ավելորդ աղմուկի, շարունակում ենք հարստացնել և կատարելագործել մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլև խաղաղության:
5.Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում հակամարտության գոտում միջազգայինխաղաղապահ ուժերի տեղակայմանը:
– Ես համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա: Արդեն քսան տարուց ավելի է, ինչ այդ կարևոր առաքելությունը լավագույնս իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը:
6.Ինչպիսի՞նն եք Դուք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան տեսնում եմ լուսավոր ու պաշտպանված: Իմ այս լավատեսության համար հիմք է ծառայում մեր անկախ պետականության անցած 23-ամյա բեղուն ճանապարհն ու այդ ընթացքում ունեցած նշանակալի ձեռքբերումները: Մենք այսօր ունենք կայացած ու պաշտպանված պետություն և, որ շար կարևոր է, եղածը զարգացնելու վճռականություն: Այնպես որ, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ցանկանում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն