Արամ Կարապետյան. Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ «ամենաերիտասարդ թոշակառուն»` հակառակ նրա կանխատեսումներին: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա շեշտեց, որ օլիգարխիան ամենադեգրադացված համակարգն է, և առանց այդ համակարգը փոխելու Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի, և միաժամանակ ավելացրեց` իր համար ակնհայտ է, որ Եռյակը չի պայքարելու օլիգարխիական համակարգը փոխելու համար, որովհետև «երկրի գլխավոր օլիգարխը»` Գագիկ Ծառուկյանը, չի կարող պայքարել օլիգարխիայի դեմ. «Դա ուտոպիա է»:

Այս համատեքստում, սակայն, քաղաքական գործիչը հարկ է համարում ավելի շատ խոսել ոչ թե Ծառուկյանի և Եռյակի մյուս ուժերի, այլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարության մասին: Եռյակի այդ ուժերը, ըստ նրա, գտնվում են հենց Քոչարանի հովանու տակ:

«Հասկանալի է, որ շտապում է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նաև շտապում է Ռոբերտ Քոչարյանը»,- մեկնաբանում է Արամ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանի «շտապելու» պատճառն, բանախոսի կարծիքով, ռուսաստանյան «ԱՖԿ Սիստեմա» խոշոր ակցիոներական ընկերության հետ վերջին շրջանում կատարվող հայտնի իրադարձությունների հետ: Ինչպես հայտնի է, Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է, իսկ այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը «Բաշնեֆտի» գործով ձերբակալվել էր դեռ սեպտեմբերին, անկախ տնօրեններից երեքի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում:

«Որքան ես եմ լսել, բոլոր անկախ տնօրեններին հրավիրում են հարցաքննության: Հրավիրել են Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, ես չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում, բայց բոլորի համար պարզ է, որ «ԱՖԿ Սիստեմայի» վիճակը գնալով վատթարանում է: Ես որևէ մեկին վատը չեմ ցանկանում, Աստված տա, որ այդպես չլինի, բայց մեծ հնարավորություններ կա, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն: Այդպես դասավորվում է կյանքը»,- նշեց Արամ Կարապետյանը` ավելացնելով, որ, մյուս կողմից, փլվում է այն միֆը, որ Ռոբերտ Քոչարյանը համարյա թե ներկայացնում էր Պուտինին Հայաստանում: -Բացի այդ, համաշխարհային տնտեսական գործընթացների հետ վատթարանում է վիճակը Ռուսաստանում: Սրանից նաև իր հերթին թուլանում են կրեմլյան համակարգի որոշակի հատվածներ: Եթե այս ամենը թուլանում է, և Ռոբերտ Քոչարյանը կորցնում է կապիտալիզացիան, այսինքն` չի ներկայացնում մեծ տնտեսական մարմին, և չկա այն միֆը, որ նա Հայաստանում Վ. Պուտինի քաղաքական ներկայացուցիչն է, այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն էլ ի՞նչ ունի:

Ունի Եռյակի որոշակի ուժեր, որոնք գտնվում են նրա քաղաքական հովանու ներքո և որոնց ակտիվացումով կարելի է խաղացող դառնում Հայաստանի քաղաքական կյանքի ներսում: Հայաստանի հասարակությունը, ես ինձ վրա այդ համարձակությունը կվերցնեմ, Ռոբերտ Քոչարյանին չի սիրում: Ռոբերտ Քոչարյանը հեռացել է կրակելով, արյուն թափելով, էլ չեմ ասում այն բոլոր այլանդակությունները, որ եղել են իր կառավարման ընթացքում: Բա ի՞նչ անի մարդը: Պիտի ցույց տա, որ կա նմանատիպ ուժ, որն իր ռեսուրսն է, դրա համար էլ նա շտապում է»:

 

Տեսանյութեր

Լրահոս