Արամ Կարապետյան. «Երկու տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Գագիկ Ծառուկյանին պետք է դատել…»

Երբ ոստիկանները բերման են ենթարկում հակապետական թռուցիկ կպցնող մի հրեայի, պարզում են, որ թռուցիկների վրա ոչինչ գրված է: Հարցին, թե ինչո՞ւ է սպիտակ թուղթը փակցնում պատերին, հրեան պատասխանում է` առանց այն էլ բոլորն ամեն ինչ գիտեն:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` այս անեկդոտն ամբողջովին արտացոլում է Հայաստանի ներքաղաքական վիճակը, ընդդիմության դժգոհությունը և այն փաստը, որ իշխանությունը վատ է կառավարում երկիրը:

Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, որ այս իմաստով Եռյակի ներկայացրած խնդիրները բոլորին հայտնի են, բայց այլ հարց է, թե ո՞րն է նրանց պայքարի իմաստը:
«Ես առաջին անգամ եմ տեսնում պայքար, որ վախենում է ձևավորել քաղաքական օրակարգ»,- ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` քաղաքական օրակարգերը չեն ձևավորում միտինգներում, դրանք ներկայացվում են միտինգներին: Իսկ Եռյակի օրակարգը, իր տպավորությամբ, ձևավորվել է հոկտեմբերի 24-ին հարթակում, երբ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, «եթե»-ների մի ամբողջ շարքի և անորոշ արտահերթ ընտրությունների մասին, և միայն հետագայում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից պարզ է դարձել, որ ենթադրաբար խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի մասին է:

Կարդացեք նաև

«Այդ իսկ պատճառով այդ ամենն իր մեջ լրջություն դեռ չի ներկայացնում քաղաքական առումով»,- նշեց Արամ Կարապետյանը` նաև անդրադառնալով հարցին, թե ինչու այլ ուժեր, այդ թվում` իր կուսակցությունը, չեն միանում Եռյակին: Կարապետյանի պատասխանը շատ պարզ է` «նախ իրենք թող իրենց անվանեն ընդդիմություն, որ մենք էլ իրենց ընդդիմություն համարենք»:

Իսկ ընդհանրապես Արամ Կարապետյանը համոզված է, որ ներկայիս քաղաքական, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակը ժողովրդավարական հեղափոխությունը և օլիգարխիական համակարգի վերացումն է, ինչը չի կարող անել Եռյակի առաջատար և գլխավոր ուժը` օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ.

«Գիտեք, շատ լավ վերաբերվելով մարդկանց պայքարին` ինձ մոտ միշտ մի հարց է ծագում. երկու տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Գագիկ Ծառուկյանին պետք է դատել, Գագիկ Ծառուկյանը մասնակից է եղել Մարտի 1-ին, Գագիկ Ծառուկյանն այս երկրի օլիգարխների շարքում է, և եթե հիշում եք, նա նույնիսկ անուններով էր դիմում` նրանց անվանելով չարիք, և երկու տարի հետո նույն մարդկանց հետ կանգնում է հարթակում: Այդ դեպքում` ո՞ր Լևոն Տեր-Պետրոսյանն էր իրական, էն ժամանակվա՞նը, թե՞ հիմա: Եթե այսպիսի բան է գնում, սովորական ժողովուրդն, այդ ամենը տեսնելով (էն որ ասում է` «куда деться бедному еврею?»), ասում է` երկու տարի առաջ ասում էին` սրանց դատել է պետք, երկու տարի հետո ասում են` սրանք են սրիկա: Այսինքն` մի իրավիճակ է ստեղծվել, երբ մարդիկ նայում, ասում են` դե խաղ է, էլի, բոլորն անխտիր իրար մեջ խաղում են, վերջում ստացվում է` այդ շրջանում բոլորը հարստանում են»:

Արամ Կարապետյանի գնահատմամբ` այսօր Հայաստանը հայտնվել է ծանրագույն կացության մեջ, քանի որ «առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն և օլիգարխ ընդդիմություն»:

Որպես օրինակ` նա հիշատակեց կառավարության հայտնի օլիգարխներից մեկին` Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ում նման հարուստ մարդ, ըստ Արամ Կարապետյանի, շատ քիչ երկրներում կան:

««Ucom»-ից սկսած` Երևանում ինչ գիտեի` պարզվում է բոլորն իրենն է: Բա եթե էդ մարդը կամ վարչապետը օլիգարխ չեն, բա օլիգարխը ո՞րն է: Որքան հասկացա, մնացել է` Արևմտյան Հայաստանի հողերը սեփականաշնորհեն: Եթե այդ մարդ օլիգարխ չի, բա օլիգարխը ո՞րն է: Լավ, չասենք օլիգարխ, կարող ենք ասել` ֆեոդալ լատիֆունդիստ է»,- եզրափակեց Արամ Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս