ԵԺԿ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգել Ասոցացման համաձայնագիրը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցություն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ընդդիմադիրների հանդեպ ընտրովի արդարադատության պրակտիկայից և իշխող թիմին խնդրում է հարգել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Այս մասին նշված է ԵԺԿ-ի տարածած հայտարարությունում. «Մեր վրդովմունքն են հարուցում վերջին երկու շաբթվա ընթացքում ընդդիմադիրների հանդեպ հաճախակիացած ձերբակալությունները, դատական գործընթացները: Պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հրաժարականները դրա ակնհայտ հաստատումն են:
Ավելին, Վրաստանի նախագահը հայտարարություն է արել այն մասին, որ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իշխանություն չունի որևէ մեկի նկատմամբ: Երեք նախարարների հրաժարականները կարող են հանգեցնել ճգնաժամային իրավիճակի ու արգելափակել ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացումը»: