Ինչո՞ւ «Ժառանգությունը» որոշեց վերանայել եվրոպական ինտեգրման մոտեցումը
Ինչո՞ւ Եռյակն այլևս հանրահավաք չի անում, ինչո՞վ է պայմանավորված ներկայիս ընդմիջումը, և ո՞ր փուլում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարած «համաժողովրդական շարժման միասնական շտաբների» ձևավորման գործընթացը: Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց Եռյակի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անսպասելիորեն հայտարարեց եվրոպական ինտեգրման իրենց կուրսը վերանայելու մասին:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այժմ քննարկումների փուլ է ընթանում, և հանրահավաքներ չլինելը դրանով է պայմանավորված. «Պատճառը բացառապես դա է, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն ճշտումներ անել: Նախկինում էլ ամեն փուլի համար քննարկումներ են եղել»:
– Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը: Չէ՞ որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո Եռյակի ձևաչափով հանդիպում չի եղել:
– Ինչո՞ւ միայն Եռյակը: Լինում են առանձին, ներկուսակցական քննարկումներ:
– Եվ ի՞նչ եզրակացության եք եկել այդ քննարկումների արդյունքում:
– Եթե որևէ բան լինի տեղյակ կպահենք:
– Երեկ կարծեմ Եռյակի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:
– Եթե հանդիպումը փակ չլիներ, սիրով կտրամադրեի տեղեկություն: Եթե Միացյալ Նահանգների մեր գործընկերներն իրենք կցանկանան տեղեկություն տրամադրել, այդ դեպքում որևէ խնդիր չեմ տեսնում:
– Մամուլում տեղեկություն եղավ, թե հաջորդ հանրահավաքի օրը չի որոշվում այն պատճառով, որ Եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ ելույթի կապակցությամբ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
– Նմանատիպ հարց չկա:
– Եվս մի հարց` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին նա հայտարարեց, որ «Ժառանգությունը» վերանայում է եվրոպական ինտեգրման մոտեցումը: Փաստորեն, դա այնքա՞ն էլ սկզբունքային հարց չէ ձեզ համար:
– Խոսքը ոչ թե մեր ծրագրային դրույթի, այլ եվրոպացի գործընկերների պահվածքի մասին է, ովքեր ևս նախագահական ընտրությունների ժամանակ կոպտագույն սխալներ թույլ տվեցին` իրենց աջակցությունը հայտնելով բացառապես իշխող կուսակցությանը և Սերժ Սարգսյանին: Խնդիրը սա է, ուստիև այդ տեսանկյունից մեծ փոփոխություն սպասելը, կարծում եմ, ճիշտ չէ:
– Բայց, ի՞նչ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նո՞ր իմացավ, որ Եվրոպայում էլ քաղաքական գործիչներն առաջին հերթին հետևում են իրենց շահերին և շատ դեպքերում արդար չեն:
– Ոչ, իհարկե, ոչ: Դուք հիմա արդեն փորձում եք մանիպուլյացիաների դաշտ մտնել: Իրականության մեջ բոլորիս համար ակնհայտ է, որ խոսքը դրան է վերաբերում, և նաև Արցախի խնդիրը գոյություն ունի: Մենք կարծում ենք` եթե Հայաստանը անդամակցում է որևէ միավորմանը, ապա Արցախը ճանաչած պետք է միանա: Խոսքը բացառապես սրա մասին է: