Հայտնաբերվել է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարած երրորդ մասնակիցը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հայտնաբերվել եւ որպես մեղադրյալ է ներգրավվել երրորդ մասնակիցը։ Վերջինս հետախուզման մեջ էր գտնվում 2009 թվականից։

Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի` լույս 17-ի գիշերը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Վ.Ունջուղուլյանը, իր մորեղբոր որդի Մ.Լևոնյանից 2009թ. օգոստոսի 15-ին տեղեկանալով, որ իրենց ծանոթ Ա.Հայրապետյանն Արարատի մարզի Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանից տոկոսով գումար է վերցրել, եւ վերջինս շատ գումար, ոսկյա զարդեր ունի, համաձայնության են եկել ավազակությամբ դրանք հափշտակել և բաժանել միմյանց միջև:

Ըստ քննության տվյալների՝ Ա.Հայրապետյանը մանրամասն նկարագրել է տուժողի տան տեղն ու դիրքը։ 2009թ. օգոստոսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած դիմակավորված անձինք, պատուհանից մուտք են գործել Ռ.Հարությունյանի տուն եւ դանակով սպառնացել նրա կյանքին ու առողջությանը, ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակելով զգալի չափի կանխիկ գումար եւ ոսկեղեն՝ դիմել փախուստի։
Խմբի անդամներից երկուսի՝ Ա.Հայրապետյանի եւ Մ.Լեւոնյանի մասով նախաքննությունն ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2009 թվականին, իսկ Վ.Ունջուղուլյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Ա.Հայրապետյանին եւ Մ.Լեւոնյանին առաջադրված մեղադրանքները եւ նրանց մեղավոր ճանաչել՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ դատապարտելով 6 եւ 8,5 տարվա ազատազարկման։

2014 թվականի հոկտեմբերին Ունջուղուլյանը հայտնաբերվել եւ ներկայացվել է քննությանը։ Հոկեմբերի 24-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս