Մարզպետներին չի մտահոգում եռյակի գործունեությունը. «Է, թող ձևավորեն, ի՞նչ, կարո՞ղ է` չունեին շտաբներ»
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, թե հանրապետության ողջ տարածքում ձևավորվելու են համաժողովրդական շարժման շտաբներ` ավելի շատ զանգվածներ մոբիլիզացնելու համար:
Երեկ ՀՀ մարզպետներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է նրանց ղեկավարած տարածքներում, ու ի՞նչ է սպասվում եռյակին: Պարզվում է՝ մարզպետները բավականին ինքնավստահ են ու ընդհանրապես չեն մտահոգվում, իսկ ՀՀԿ-ի դիրքերի սասանման մասին հարցին նրանք պատասխանում են ծիծաղով:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը միայն «եռյակի հանրահավաք» արտահայտությունը լսեց ու հայտարարեց՝ չկա նման բան: Ապա նշեց, թե շտաբների ձևավորման գործընթաց ինքը չի տեսնում. «Մեզ մոտ էդպիսի բան չկա: Ես ենթադրություններով չեմ կարծում: Իմաստը չկա: Ժողովուրդը լիքը անելիք ունի, անգործությամբ չի զբաղվում»: Ռ. Գրիգորյանը նշեց, որ ժողովրդի տրամադրվածություններից էլ տեղյակ չէ. «Ես իմ գործով եմ զբաղված: Կգան, կտեսնենք: Նախորդ անգամ եկան, բան չտեսա»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ տեղեկացրեց, թե մինչ օրս նման հարցերով իրեն չեն դիմել. «Եռյակից որևէ մեկն ինձ չի դիմել նման տարածք ունենալու ցանկությամբ»:
Թե ի՞նչ հաջողություն կարող է ունենալ եռյակը մարզում, ժողովուրդն ինչպե՞ս է տրամադրված, մարզպետը չգիտի, ըստ նրա` տարբեր կարծիքներ կան, ու բոլորն իրենց կարծիքների մեջ ազատ են. «Միանշանակ չի` մարզը ո՞ր թևին է ավելի հակված: Տարբեր մարդիկ են, տարբեր քաղաքական ուղղվածություն ունեն»:
«Է, թող ձևավորեն, ի՞նչ: Կարո՞ղ է` չունեին շտաբներ: Շատ նորմալ է, մենք որևէ խնդիր չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով, որ ՀՀԿ-ի համար որևէ սպառնալիք չի տեսնում: Նա կրկնեց, որ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ իրենց շտաբներն ունեցել են, մինչև հիմա էլ աշխատում են. «Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում` նորից շտաբներ բացելը»:
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք` ինչպիսին է իրավիճակը ամենա-ԲՀԿ-ամետ համարվող մարզում: «Ինձ չվերաբերող հարցեր եք տալիս: Մենք մեր աշխատանքային գործունեությունն ենք ծավալում: Այս պահի դրությամբ կարող եմ Ձեզ ասել, որ Կոտայքի մարզը բնականոն աշխատանքային պրոցեսի մեջ է բոլոր ուղղություններով, պետական հիմնարկ-ձեռնարկություններով, մասնավորով: Որևէ արտառոց դեպքեր չկան, չեն նկատվել: Եվ մեր բնականոն աշխատանքը կատարում ենք»,- կոմունիստական ոճով ասաց նա:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս մտավախություն չունի: Անգամ մտավախություն չունի այն փաստից, որ Գյումրիում Սերժ Սարգսյանը պարտվել էր նախագահական ընտրությունների ժամանակ, և հնարավոր է` այժմ գյումրեցիներն ընդվզեն. «Մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտել են: Բայց չի լինելու, ոտքի չեն կանգնելու»: Նա նշեց, որ նոր շտաբներ չկան, նախորդների մասին էլ տեղյակ չէ. «Չեմ տեսել, չգիտեմ: Նախկինում էլ էդպիսի բաներ չի եղել: Ու մտավախություն էլ չունեմ, որ ժողովրդին կմոբիլիզացնեն»:
«Եռյակը բոբո չի: Մենք չենք ուզում վախեցնենք, մենք վախեցնելու միտում չունենք, մենք աշխատելու միտում ունենք, իրավիճակը բարելավելու միտում ունենք: Ի՞նչ է նշանակում` վախեցնել: Բոբո չի եռյակը: Եռյակը ժողովրդի հետ կանգնած է, անում է քայլեր, որոնք կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ են: Այն հարցերի, որոնք բերեցին փլուզման»,- մեզ հետ զրույցում մարզպետների ինքնավստահությանն այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:
«Մենք ուզում ենք այդ շարժման մասշտաբներն ընդլայնենք գրասենյակներով: Շարժումը պետք է ընդլայնվի Թատերական հրապարակից, որովհետև այլ կերպ, քան ճնշումներով ստիպել, որ լուծվեն այդ խնդիրները, չեն գնալու իշխանությունները, ցավոք սրտի: Մենք գնում ենք դրան: Եվ շատ վատ է, որ մտածում են, թե ոչինչ չի փոխվելու: Այսինքն` երկիրը շարունակելու է գահավիժե՞լ, որովհետև չփոխվելու այլընտրանքը գահավիժումն է: Ե՛վ արտագաղթի, և՛ տնտեսության վատացման դինամիկան ակնհայտ է: Ակնհայտ է, որ ներդրումները գնալով պակասում են: Ակնհայտ է, որ աղքատությունն աճում է: Ակնհայտ է, որ արտագաղթն աճում է: Եթե սա գահավիժում չէ, ի՞նչ է հապա: Մենք ուզում ենք սրա դեմն առնել»,- ասաց Ս.Մարգարյանը: