Միջազգային փորձագետները գնահատում են Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները. «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլն ավարտված է
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՄԿ փորձագետներն ամփոփել են իրենց առաքելությունը, որի նպատակն էր ուսումնասիրել, արձանագրել և գնահատել վերջին 5 տարիների ընթացքում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը: ՀՄԿ փորձագետ Ջոնաթան Ֆելոուսը փաստել է. «Տպավորված ենք առաջընթացով, որն արձանագրել է ՀՀ մաքսային համակարգը արդիականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում»: Երեք փուլից բաղկացած «Կոլումբոս» ծրագիրը ՀՄԿ-ն իրագործում է 2006 թվականից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են: Ի դեպ Հայաստանն առաջիններից էր, որը դարձել է ծրագրի շահառու և մեկն այն յոթ երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են:
ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի փոխանցմամբ, այցի ընթացքում ՀՄԿ փորձագետները ծանոթացել են մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, ունեցել են բազմաթիվ հանդիպումներ համակարգի մասնագետնեի հետ: «ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողների հետ հանգամանորեն քննարկել են այն ուղղությունները, որոնք կարևոր են ոչ միայն Համաշխարհային մաքսային կազմակերպության տեսանկյունից, այլև առաջնային դերակատարում ունեն ՀՀ մաքսային համակարգի զարգացման գործում»,- տեղեկացրել է Ա. Մելկիկյանը:
Փորձագետներն այցելել են նաև տարածաշրջանային մաքսատներ և մաքսային կետեր` տեղում ծանոթանալով ընթացակարգերին, կառույցների աշխատաոճին:
Նշենք, որ «Կոլումբոս» ծրագրի առաջին 2 փուլերը Հայաստանում իրականացվել են 2009 թվականին: Առաջին փուլի` դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետները, նկատելով ՀՀ մաքսային համակարգի արդյունավետ գործելու մեծ ներուժը, ՀՄԿ-ի կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել: Նրանք դրական են գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները հանդես են եկել որոշակի առաջարկություններով:
«Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ՀՄԿ փորձագետները Երևանում անցկացրել են «Ռազմավարական գործողությունների պլանավորում» թեմայով համաժողով և ՀՄԿ դիագնոստիկ առաքելության առաջարկությունների հիման վրա կազմվել է ՀՀ մաքսային ոլորտի զարգացման հստակ ռազմավարական ծրագիր: Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին