«Ռոսնեֆտը» առաջարկել է երկարաձգել արկտիկյան շելֆի յուրացման ժամկետը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսնեֆտ» ընկերությունն առաջարկել է օրենսդրորեն փոխել արկտիկյան շելֆի երկրահետախուզության ժամկետները՝ դրանք 10 տարուց հասցնելով մինչև 15 տարվա:
Այս մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ դա կապված է կլիմայական բարդ պայմանների հետ, և որ սառույցները խոչընդոտում են իրականացնել նույն ծավալի աշխատանքներ, ինչպես որ դրանք արվում են ավելի տաք ծովերում:
«Ռոսնեֆտի» ներկայացուցչի խոսքերով՝ որոշակի ժամկետներում էլ ընդհանրապես անհնար են արկտիկյան շելֆի յուրացման աշխատանքները: Նա մանրամասնել է, որ դա մասնավորապես վերաբերվում է Արևելա-Սիբիրյան ծովի տարածքին, ուր վերջին 15 տարուց 5 տարում ջուրը զերծ չի եղել սառույցից:
Այս ամենի հետ կապված՝ «Ռոսնեֆտը» առաջարկում է փոփոխություններ մտցնել «Ընդերքի մասին» օրենքի 10-րդ հոդվածում: «Ռոսնեֆտն» ընդգծել է, որ պահպանվում են 2020 թվականին արկտիկյան շելֆում արդյունահանման աշխատանքներ սկսելու պլանները: Ընկերության շելֆային ռեսուրսներում առկա է 25.5 միլիարդ տոննա նավթ ու 25 տրիլիոն խորանարդ մետր գազ: