CIBJO-ի և Լոնդոնի ադամանդի բորսայի ղեկավարները ՀՀ-ում ոսկեգործության զարգացման համար մեծ հեռանկարներ են տեսնում
Հայաստանում ոսկեգործության զարգացման համար ամենակարևոր նախադրյալը երիտասարդությունն է, որը կարող է իր ունակությունների շնորհիվ փոխել ապագան։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալյերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևան Շոու» ոսկերչական ցուցադրությանն ու ոսկեգործական համաժողովին։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ամենակարևորը տաղանդավոր երիտասարդությունն է։ «Երիտասարդներն իսկապես հետաքրքրված են ոսկերչական և ադամանդագործական բիզնեսներով։ Դա լավ շարժառիթ է, որպեսզի Հայաստանը դառնա ոսկու և ադամանդի արտադրությամբ զբաղվող լավագույնն պետություններից մեկը։ Հայ երիտասարդները ունեն լավ ընդունակություններ։ Այդ ունակությունները հնարավոր չէ սովորեցնել, դրանք գալիս են սրտից»,- ասաց նա։ Կավալյերին նշեց, որ 2016 թվականին պատրաստվում են Հայաստանում անցկացնել CIBJO-ի տարեկան կոնգրեսը, որի ժամանակ Հայաստան կժամանեն ոլորտի հայտնի մասնագետներն ու միությունների ներկայացուցիչները։ «Սա համագործակցության լավ առիթ է Հայաստանի համար։ Երբ մարդիկ տեսնեն իրենց աչքերով, ամեն ինչ ավելի պարզ կլինի նրանց համար»,- ասաց նա։
Լոնդոնի Ադամանդի բորսայի ղեկավար Հարի Լևին ևս Հայաստանում ոսկեգործության զարգացման մեծ ներուժ է տեսնում։ Նրա կարծիքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես ադամանդի մշակման ոլորտում։ «Հայաստանն այն եզակի երկրներից է, որը մաքուր ադամանդ է արտահանում։ Մյուս նմանատիպ երկիրը Կանադան է։ Կարծում եմ, եթե Հայաստանը սկսի պրոպագանդել իր արտադրանքը, կարող է իր կողմ գրավել եվրոպական շուկան»,- ասաց Լևին։
Երևանում արդեն 4-րդ անգամ Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) անցկացնում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը` նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում է ներկայացուցիչների շուրջ 27 երկրից (ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և այլն): Ոսկերչական տոնն այս տարի համալրել է «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը: Այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ: Այս եռօրյա շոու-ցուցադրությունն անցկացվում է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո- կենտրոնում, հոկտեմբերի 24-26-ը։