Գարիբաշվիլին աբխազներին ու օսերին առաջարկել է Վրաստանի կազմում ինքնավարություն ու եվրոպական հեռանկար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին աբխազներին ու օսերին առաջարկել է Վրաստանի կազմում ինքնավարություն ու եվրոպական հեռանկար:
Գարիբաշվիլին այդ մասին հայտարարել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ, որում նա հասարակությանը հաշվետվություն է ներկայացրել վերջին երկու տարում կատարած աշխատանքի մասին:
Գարիբաշվիլու խոսքերով՝ Վրաստանը շատ բաներ է տեսել, ռազմական գործողությունները ծանր կնիք են թողել իրենցից յուրաքանչյուրի վրա, երկրի տարածքում հայտնվել են բաժանարար, օկուպացիոն գծեր, և որ կան բազմաթիվ կարիքավորներ:
Գարիբաշվիլին պատմել է նրանց օգնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին՝ դիմելով աբխազներին ու օսերին. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել մեր աբխազ ու օս եղբայրներին. մենք մեկ հողի զավակներ ենք, դա մեր տարածքն է, մեզ միավորում է մեկ ցավ, և մենք պետք է շարունակենք ապագայի ուղին:
Ցանկանում եմ օգտվել առիթից ու շնորհավորել մեր աբխազ եղբայրներին՝ կապված այսօր նշվող աբխազերենի օրվա հետ: Վստահ եմ, որ մեր աբխազ եղբայրները միայն մեզ հետ, եվրոպական հեռանկար ունեցող Վրաստանի հետ, կարող են պահպանել իրենց լեզուն ու մշակույթը: Դա շատ կարևոր է»: