Լեռնիկ Ալեքսանյան. «Եթե այսօր եռյակը եկավ իշխանության, ՀՀԿ-ականների 50 տոկոսն էլի իշխանության է լինելու» (տեսանյութ)

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հետևել է եռյակի՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքին և մեկ-մեկ լսել է բոլորի ելույթներն ու փորձել է վերլուծել՝ ինչի մասին է խոսքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ամեն լիդեր ուներ իր խնդիրները: Նա այդպես էլ չի հասկացել, թե ինչի շուրջ էին հավաքվել եռյակը.

«Ասում էին միասին են: Ես շատ կուզեի, որ միասին լինեին: Այն ընդդիմությունը, որը կարողանում է օբյեկտիվ գնահատականներ տալ, նա օգնում է իշխանություններին, հատկապես այն իշխանություններին, որոնք ուզում են բարեփոխումներ անել: Ուզում են, որ լավ լինի, բայց ինչպե՞ս, ո՛չ պատասխանը կա, ո՛չ՝ ծրագիրը: Ես եռյակի մեջ չտեսա այն հիմնական գաղափարական սյունը, այն հիմնական սկզբունքային միասնությունը: Ուրեմն՝ ասելով չի»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ եռյակ կազմող կուսակցությունները, որպես խորհրդարանական համագործակցության ձևաչափ վեր են ածվել արդեն նաև խորհրդարանից դուրս, իրենց ղեկավարների մակարդակով ձևաչափով մի կուռ կառույցի, համագործակցության ձևի. «Սա ակնհայտ է: Այս 3 կուսակցությունները տասնյակ հազարավոր մարդկանց հավաքում են, գալիս են այստեղ իրենց ծրագրային դրույթներն են առաջարկում, սա ակնհայտ է: Խոսել այն մասին, որ չկա ծրագիր, չկա ընդհանուր ուղվածություն, սա ես համարում եմ, մեղմ ասած, քաղաքական կարճատեսություն: Նախորդ հանրահավաքում ելույթ ունեցան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, Ծառուկյանն ասաց, որ ինքը ամսի 24-ին ելույթ կունենա: Ամսի 24-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ հիմնական զեկուցումը լինելու է Ծառուկյանինը: Սա նորմալ է, որ տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդները նույն գաղափարախոսությունը չունեն: Այլ բան է գաղափարախոսություն, ծրագրային դրույթներ, այլ բան է, որ այս փուլում այս 3 կուսակցությունները կարևորել են, որ արդեն այնքան ծայրահեղ վիճակի է հասել երկրի վիճակը, այնպիսի գահավիժման եզրի ենք հասել, որ որոշակի տարբերությունները պետք է մի կողմ թողնել և գալ այս իրավիճակից դուրս գալու միասնական ջանքեր գործադրել»:

Մ. Մելքումյանի խոսքով՝ եռյակը տարիներ շարունակ (2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո) իշխանություններին ասել է, թե ինչ է պետք փոխել. «Մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ենք ցույց տվել: Հենց որ դու տեսնում ես, որ դրանք չեն լուծվում, արդեն ասում ես, որ արդեն քաղաքական լուծումներ են պետք: Մենք իշխանությանն ասել ենք՝ դու մի փորձիր վերարտադրվել: Սահմանադրությունն է, որ իրավական հիմքեր է ձևավորելու վերարտադրության համար: Մենք նաև առաջադրել էինք 12 կետերը: 12 կետերը էլեկտրաէներգիայի հետ ընդամենը մակերևույթին եղած կետերն էին: Բայց ի՞նչ ստացանք մենք, ընդամենը մի քանի էջի վրա կառավարությունը պատասխան տեղադրեց ինտերնետում»:

Կարդացեք նաև

Լ. Ալեքսանյանը նկատեց, որ մեր այսօրվա հասարակության մեջ սև ու սպիտակներ, իշխանություններ ու ընդդմություններ, սատանաներ ու հրեշտակներ չկան, մենք նույն մարդիկ ենք. «Իրականում կուսակցությունը բնորոշվում է իր մարդկային ռեսուրսներով, գաղափարախոսությամբ և լիդերով: Այսօր խնդիրը վերարտադրվելու մեջ չէ: Եթե այսօր եռյակը եկավ իշխանության, այն ինչ այսօր հանրապետականներն են, համոզված եմ՝ իրենց 50%-ը էլի իշխանությունում են լինելու, էլի վերարտադրվելու են: Այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, և այդպես էլ լինելու է ու այդպես էլ պետք է լինի, որովհետև այսօր այդ դասակարգումները մեր հասարակության մեջ չի գործում: Գործում են անհատները, անհատական հեղինակությունները: Դա մեր հասարակության հոգեկերտվածքն է: Այսօր էլ ոչ թե համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, այլ մարդկանց կադրային շարժի մասին է: Եթե ասվի, որ հանրապետության նախագահը փոխվի, այս մենը կփոխվի, ես դրան չեմ հավատա»:

Տեսանյութեր

Լրահոս