Թբիլիսիի քաղաքային դատարանը Բաչո Ախալայային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր 7 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Վրաստանի Արդարադատության նախարարության Պատիժների իրագործման դեպարտամենտի նախկին ղեկավար Բաչո Ախալայային, ով ավելի ուշ դարձել է Վրաստանի պաշտպանության նախարար:
Խոսքը գնում է 2006 թվականի հունվարին Թբիլիսիում գտնվող Նավտլուգի ավտոկայանի մոտ իրականացված հատուկ գործողության մասին, որի ժամանակ սպանվել էին երեք երիտասարդներ, որոնցից մեկի եղբայրը բանտարկյալ էր: Այն ժամանակ հետաքննությունը հայտարարել էր, որ նրանք պատրաստվում էին կազմակերպել բանտից բանտարկյալների զանգվածային փախուստ:
Հատուկ գործղությունն իրականացվել էր Վրաստանի ՆԳՆ-ի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի տվյալ ժամանակվա ղեկավար Դատա Ախալայայի ղեկավարությամբ, ով Բաչո Ախալայայի եղբայրն է: Հետաքննության տվյալներով՝ նրանք երկուսով են պլանավորել այդ գործողությունը, որի ավարտից հետո եկել են թիվ 1 բանտ և անխղճաբար ծեծի են ենթարկել մի շարք բանտարկյալների:
Տվյալ գործով Ախալայային մեղադրանքներ էին ներկայացվել Վրաստանի ՔՕ 144-րդ հոդված 1-ին կետով (կտտանքներ) և 333-րդ հոդվածով (ծառայողական լիազորությունների չարաշահում): Բաչո Ախալայան ձերբակալվել է 2012 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց:
Նրա դեմ հարուցվել են քրեական տարբեր գործեր, որոնցից երկուսի գծով նրան արդարացրել են: Խոսքը գնում է հատուկջոկատայինների հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու ու նրանց կտտանքների ենթարկելու և զինվորականներին ապօրինի ազատազրկելու ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին:
2006 թվականի բանտային խռովության ժամանակ բանտարկյալների հանդեպ անմարդկային վերաբերմունքի գործով դատավճռի հրապարակվելուց հետո նրան ներում է շնորհել տվյալ ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ներկա դրությամբ ընթացքի մեջ է 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործը: Բացի այդ, Ախալայային մեղադրանքներ են ներկայացվել գնդապետ Սերգո Տետրաձեի սպանության գործով: