«Հորն ու որդուն դատել՝ Խորհրդային Միությունում էլ չկար». Պետրոս Մակեյան

«Այդ դատավարությունն այս իշխանությունների իսկական բնութագիրն է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:

Պ.Մակեյանը հիշեցրեց, որ սեպտեմբեր ամսին իրենց կուսակցությունը հայտարարություն էր ընդունել Շանթի և իր ընկերների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին, որ իշխանությունները վրեժ են լուծում, ահաբեկում են այն մարդկանց, որոնք Հայաստանում տեսնում են ելքն այլ ճանապարհով. «Մենք կոչ ենք արել, որ իշխանությունները գոնե խելքի գան և կանգնեցնեն այդ ծաղրուծանակը՝ դատավարություն կոչված»:

Ըստ Պ. Մակեյանի՝ ամոթը մարդկային լուրջ արժանիք է, իսկ իշխանությունների մոտ այդ ամոթը չի գործում. «Հորն ու որդուն դատել՝ Խորհրդային Միությունում էլ չկար: Կարծում եմ՝ եթե հայ ժողովուրդը կարողանա արժանապատվություն պահելու խնդիր լուծել, պետք է դուրս գա փողոց»:
Անի Քեշիշյան

 

Տեսանյութեր

Լրահոս