Բաժիններ՝

Որոնք են Հայաստանի ամենաարտահանող մարզերը

2013 թվականին բաժին է Երևանին բաժին է ընկել Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալի 47.9%-ը (694.7 միլիոն դոլար)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014 զեկույցից։

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 451.5 միլիոն դոլար։ Երևանի տեսակարար կշիռը 2012-ի համեմատ աճել է 2.4 տոկոսային կետով (2012թ.՝ 45.5%), սակայն վերջին 5 տարիների կտրվածքով մայրաքաղաքի դերը արտահանման մեջ փոքր-ինչ նվազել է։ 2009թ. այն կազմել է 52.6%, 2010-ին՝ 53.8%, 2011-ին՝ 51.8%։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա դրանք անգամներով զիջում են մայրաքաղաքին։

Արտահանման մարզային առաջատարը Սյունիքն է, որին 2013թ. տվյալներով բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 19.7%-ը (285.5 միլիոն դոլար)։ Դա, բնականաբար, պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ։

Մարզերի մեջ երրորդ տեղում Լոռին է։ 2013 թվականին Լոռու մարզից արտերկիր արտահանվել է 155.1 միլիոն դոլարի արտադրանք, որը կազմում է ընդհանուր արտահանման ծավալի 10.7%-ը։

Լոռու մարզին հաջորդում են Արմավիրը (5.5%), Կոտայքը (5.4%), Արարատը (4.9%), Գեղարքունիքը (3.8%) և Արագածոտնը (1.2%)։ Արտահանման ետնապահներն են Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկել ընդհանուր արտահանման ծավալի 0.3%-ը։

Նշենք, որ վերջին 5 տարիների կտրվածքով իրենց տեսակարար կշռով ամենազգալի փոփոխությունները գրանցել են Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերը։

Գեղարքունիքի մարզի արտահանման տեսակարար կշիռը աճել է 6.3 անգամ՝ 2009 թվականի 0.6%-ից հասնելով 3.8%-ի։ Արմավիրի մարզը նույնպես մեծացրել է կշիռն ընդհանուր արտահանման մեջ՝ 1.6%-ից հասցնելով 5.5-ի։ Իսկ ահա Կոտայքի դեպքում հակառակ դինամիկա ունենք։ Եթե 2009 թվականին այս մարզին բաժին էր ընկնում արտահանման 10.4%-ը, ապա 5 տարիների ընթացքում այն գրեթե կրկնակի նվազել է՝ հասնելով 5.4%-ի։

Վերջում ավելացնենք, որ եթե արտահանման ցուցանիշով Երևանին բաժին է ընկնում ընդհանուր ծավալի շուրջ կեսը, ապա ներմուծման առումով մայրաքաղաքային կենտրոնացվածությունն ավելի ակնհայտ է։ Այսպես, 2013 թվականին ՀՀ ներմուծման ծավալը կազմել է 4 միլիարդ 168.6  միլիոն դոլար, որի 82.4%-ը (3 միլիարդ 433 միլիոն դոլար) բաժին է ընկել Երևանին։

Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է (3.6% կամ 151.9 միլիոն դոլար), երրորդում՝ Արարատը (2.9% կամ 118.8 միլիոն դոլար)։ Իսկ Սյունիքի մարզին, որն արտահանման առումով մարզային առաջատարն է, բաժին է ընկնում ներմուծման ընդհանուր ծավալի ընդամենը 1.8%-ը (75.5 միլիոն դոլար)։ Ստացվում է, որ Սյունիքի մարզը արտաքին առևտրի մեջ ունի 210 միլիոն դոլարի դրական հաշվեկշիռ։ Այս մարզը մոտ 4 անգամ ավելի շատ է արտահանում, քան ներմուծում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս